ՄԻՆՉ ԱՅՍՏԵՂ ԳԱԼՍ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՕՏԱՐ ՏԵՂ ԷՐ. ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ

Varanda
    «Պապերս մուսալեռցի են։ Անցած տարի բարձրացա Մուսալեռ, եղա Սիս, Մարաշ քաղաքներում։ Զգացողություն ունեի, որ ես այդ հողին եմ պատկանում, բայց դժբախտաբար այդտեղ չեմ։
    Մինչ այստեղ գալս Հայաստանն ինձ համար օտար տեղ էր, բայց հիմա մտքերս ու զգացողություններս փոխվել են։ Ուրախ եմ, որ այստեղ եմ։ Կուզեի ավելի երկար մնալ, լինել Տաթևում, Ջերմուկում»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Քրիստին Անդեքյանը։
    Արդեն ութ տարի է, ինչ Քրիստինը երգում է Լիբանանի Համազգայինի «Այգ» երիտասարդական երգչախմբում։ Երգչախմբի անդամները Հայաստան են եկել մասնակցելու «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնին։
    Oգոստոսի 6-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ «Այգ» երիտասարդական (2008թ., Լիբանան) և Շուշիի «Վարանդա» պետական (1992 թ.,  Շուշի) երգչախմբերի համատեղ համերգը։ Առաջինը Կոմիտաս հնչեցրին, ինչից հետո հանդես եկան հայկական ժողովրդական երգերով, ինչպես նաև Ռուբեն Հախվերդյանի, The Beatles-ի երգաշարով։ Համերգային ծրագրի ավարտին երգչախմբերը ելույթ ունեցան միասին՝ ներկայացնելով «Ապրիլ կրկին» և «Կենաց երգ» ստեղծագործությունները։
    «Այգ» և «Վարանդա» երգչախմբերը հիմնադրել և մինչ օրս ղեկավարում է լիբանանահայ շվիահար, խմբավար Զաքար Քեշիշյանը։ Նա խմբավարների միջազգային ընկերության անդամ է (2013թ․-ից)։ Դասախոսում է Լիբանանի պետական բարձրագույն երաժշտանոցում, Համազգային «Բարսեղ Կանաչյան» երաժշտական քոլեջում, Լիբանանի Հայկազյան համալսարանում։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող էր, երբ Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում հիմնադրեց «Վարանդա» երգչախումբը։
    «Ամեն տարի սեպտեմբերին համերգներ ենք ունենում Ստեփանակերտում, Շուշիում։  Պարոն Զաքարը ամռան ամիսներին է կարողանում մեզ հետ աշխատել, մնացած ժամանակ խումբը ղեկավարում է Լուսինե Գայամյանը»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Ավանեսյանը, ով տասը տարի է, ինչ «Վարանդայի» կազմում է։
    Արմեն Բաքալյանը 24 տարեկան է։ Ծնվել և ապրում է Բեյրութում։ Վեց տարի է, ինչ Արմենը «Այգի» մի մասնիկն է։
    «Լիբանանի տարբեր շրջաններում, Կիպրոսում ելույթներ ենք ունեցել։ Հայաստանում առաջին անգամ ենք։ Երբ քո աչքով ես տեսնում, ուրիշ է․զգացմունքով ես ապրում այն ամենն, ինչ միայն նկարներով էիր տեսել։
    Համերգներից ու փորձերից հետո տարբեր վայրերում ենք լինում։ Գնացել ենք Սարդարապատ, Ծիծեռնակաբերդ, մի քանի թանգարաններ։ Լինելու ենք Գյումրիում, Սևանում և այլ տեղերում»,- պատմեց մեր զրուցակիցը։

Աննա Կարապետյան