ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

grakan tapan
    Հոկտեմբերի 24-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Հատուկ միջոցառումների սրահում» տեղի ունեցավ «Գրական տապան» ամենամյա միջազգային գրական փառատոնի պաշտոնական բացումը, որի առիթով այնտեղ էին հավաքվել փառատոնի հին ու նոր բարեկամները: Փառատոնը Հայաստանում անց է կացվում արդեն չորրորդ անգամ: Այն ունի հավատարիմ մասնակիցներ, և միաժամանակ յուրաքանչյուր տարի այն ամեն տարի հարստանում է նոր հյուրերով:
    Փառատոնի ակունքներում կանգնած գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը պատմեց, որ փառատոնի միտքն առաջացել է 13 տարի առաջ. «Եվրոպական էքսպրես գնացք կար, Դավիթ Մաթևոսյանի և Լևոն Խեչոյանի հետ այդ գնացքում էինք. 7000 կմ անցանք ամբողջ Եվրոպայով, այնուհետև որոշեցինք այն տեղափոխել Հայաստան, միմյանց հետ ծանոթացնել արևմտյան և արևելյան եվրոպաները և հորինեցինք այս գրական տապանը: Ինչպես հասկանում եք, էքսպրեսը եվրոպական դինամիզմն է, իսկ տապանը՝ հայկական մետաֆիզիկան»:
    «Գրական տապանն» առաջին անգամ անց է կացվել 2001-ին. այնուհետև երկարատև ընդմիջումից հետո վերսկսվել 2011-ին: Այս տարի փառատոնին մասնակցում են 50 գրող՝ արտերկրից և Հայաստանից:
    Փառատոնը առիթ է հանդիպելու տարբեր երկրներից ժամանած գրողների, ծանոթանալու միջազգային գրականությանը և հնարավորություն է, որ նրանք ծանոթանան մեր երկրին ու նրա մշակույթին: Այն փոխադարձ հետաքրքիր է ու օգտակար:
    Ցուցադրվեց ֆիլմ «Գրական տապան-2012»-ի 10 օրերի մասին: Միաժամանակ տեղի ունեցավ նախորդ տարիների արդյուքներն ամփոփող գրական անթոլոգիաների շնորհանդեսը: «Գրական տապանի» մասնակցության «պայմաններից» է, որ արտերկրից ժամանած հյուրերը պետք է վերադառնալուց հետո գրական ստեղծագործություն գրեն Հայաստանի մասին, որից հետո այդ նյութերը թարգմանվում ու տպագրվում են անթոլոգիաների տեսքով: Գրողների՝ Հայաստանի մասին ստեղծագործությունները ավանդույթի համաձայն կթարգմանվեն ու կտպագրվեն նաև այս տարի:
    «Գրական տապանը» կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը: Այդ ընթացքում կլինեն հանդիպումներ արտերկրից ժամանած գրողների հետ, քննարկումներ, այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր: 
Աննա Կարապետյան