Միջազգային գրական հանդիպում Ծաղկաձորում

cakhadzor 2013
    Հունիսի 13-15-ը Ծաղկաձորում կայացավ Երիտասարդ գրողների ամենամյա կամ, ինչպես մասնակիցներն են անվանում, ավանդական խորհրդաժողովը: Ինչու ավանդական՝ դժվար չէ կռահել. տասնամյակ անցած խորհրդաժողովն ունի մշտական մասնակիցներ, տարիների հիշողություն՝ կապված ծաղկաձորյան առօրյայի ու գրական շփումների հետ՝ սեմինար-քննարկումներ, խաղեր, էքսկուրսիաներ և այլն: Վերջին տարիներին խորհրդաժողովը դարձել է միջազգային: 
    Այս տարի խորհրդաժողովի շրջանակներում Հայաստան էին եկել էստոնացի և վրացի գրողներ: Խորհրդաժողովի երեք օրերի ընթացքում քննարկվեցին գրականության մեջ նկատվող միտումները, գրական գործընթացների հետ կապված խնդիրները, զուգահեռներ անցկացվեցին երկրներում տիրող cakhadzor-2013գրական իրավիճակների միջև: Մասնակիցները փորձում էին ոչ միայն նկատել բացթողումները, այլև մտածել դրանք լրացնելու մասին, որպեսզի խնդիրները առանց լուծման չմնան: Բացի գրականության բացերից՝ Էստոնիայի և Վրաստանի ներակայացուցիչները պատմեցին նաև իրենց էլեկտրոնային գրականության հնարավորությունների, դրա լավ ու վատ կողմերի մասին: Հայաստանի մասնակիցներն էլ իրենց հերթին ներկայացրին մեր գրական դաշտը, էլեկտրոնային գրական կայքերն ու պարբերականները: Հյուրերը հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու մեր տպագրությանն ու հրատարակչությունների աշխատանքին՝ «Անտարես» հրատարակչության օրինակով: Նրանք ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները հենց մեդիահոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանից:
noraduz    Բացի պաշտոնական շփումներից՝ մեր երեք երկրների մասնակիցները ժամանակ ունեցան նաև շփվելու դրանից դուրս: Էստոնիայի ու Վրաստանի երիտասարդ գրողները այցելեցին Սևանավանք, Նորատուս, Հայրիվանք, ծանոթացան մեր պատմամշակութային արժեքներին:
    «Այստեղի բնությունը ուղղակի հրաշալի է, իսկ Սևանի մոտ՝արտասովոր. կանաչ բլուրների վրա, որտեղ ,ըստ էության, քարեր չպետք է լինեն, ընկած են հսկայական սեւ քարեր,- ասում է վրաց գրող Լևան Թոդաձեն և ավելացնում,- ամենաշատը տպավորված եմ մասնակիցների հետ շփումից. Հայաստանի պատվիրակությունը ջերմ էր ու բարեկամական, շփվելը հաճելի էր, բանավիճելը՝ հետաքրքիր, կարող եմ ասել, որ գտա լավ ընկերներ»:
                                                                                                                             Աննա Կարապետյան