«Միասին» - անդրանիկ ցուցահանդես

lilit-manvel
    Օֆորտ, յուղաներկ, մատիտ, պաստել, ակրիլ և այլ գրաֆիկական ու գեղանկարչական նյութեր արդեն երկար տարիներ է ինչ անբաժան մասն են կազմում երիտասարդ և տաղանդավոր նկարիչներ Լիլիթ Արսենյանի և Մանվել Ղալաչյանի ստեղծագործական կյանքում և աշխատանքներում:
    Արվեստագետները արդեն մի քանի տարի է ինչ ՄԻԱՍՒՆ են: ՄԻԱՍԻՆ ուսումնասիրում, ծանոթանում, նոր, հետաքրքիր և գունեղ աշխարահներ բացահայտում հայ և արտասհմանյան արվեստում: Բացահայտելով ստեղծում են իրենց՝ արվեստագետին հատուկ իրական և երևակայական, գունեղ, կյանքով լի, խորաթափանց, լույս ու ստվերի հստակ շեշետադրումներով, թեմատիկ և ժանրային բազմազանությամբ գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներ:
lilit manvel cuc    Սա էլ թերևս խթան հանդիսացավ, որպեսզի շնորահալի արվեստագետները կազմակերպեն ցուցահանդես «Միասին» խորագրով, որտեղ իրենց ընկերների և արվեստասեր հասրակության դատին կներկայացնեն համատեղ տարիներին արված աշխատանքները: Աշխատանքներ, որոնք չունենալով թեմատիկ և ոճային նմանություն, այնուամենայնիվ կարծես մեկը մյուսի շարունակությունն ու լրացնողը լինեն:
    Ցուցահանդեսի այցելուները և հյուրերը առիթ կունենան ծանոթանալու և գնահատելու արվեստագետների հեղինակած ռեալիստական դիմանկարները, բնանկարները, կոմպոզիցիոն աշխատանքները, իրենց ձեռքով պատրաստած խաղալիքները, որոնք էլ կուղեկցվեն կոմիտասյան երաժշտության հնչյունների ներքո: Ցուցահանդեսում ներկայացվող դիմանկարները արտահայտիչն են և հստակ, տեխնիկական վարպետությունն ու հմտությունը՝ ակնհայտ, բնանկարներում հիանալի կերպով համադրաված են տաք և սառը գունային տոները,  հստակ են վրձնահարվածները:
lilit-manvel-cucahandes    Լիլիթն ու Մանվելը ցուցահանդեսում կարևորում են երկու փաստ. առաջինն ու կարևորն այն է, որ ցուցահանդեսի հրավիրատոմսի և պաստառի նկարը, որ վերնագրված է «Թռիչք», նկարել են ՄԻԱՍԻՆ, ստորագրելով՝ ԼիլՄան, որն էլ ամբողջ ցուցահանդեսի սկիզբն ու խորհրդանիշն է: Երկրորդ կարևոր փաստն այն է, որ դիմանկար աշխատանքների գերակշռող մասում պատկերված են հենց իրենք. «Ես նկարել եմ Մանվելին, իսկ Մանվելն ինձ, օրվա տարբեր պահերին, տարբեր ռակուրսներից, տարբեր դիրքերում, տարբեր նյութերով: Կարևորում էի որսալ Մանվելի մտազբաղ հայացքը և վերարտադրել այն կտավներում», «Հաճախ իրար դիմաց նստած նկարել ենք միմյանց, փորձելով որսալ այդ պահին, աշխատանքային պահին մեր շարժն ու ձևը, մեր դիմախաղերը, Լիլիթի բարի և ջերմ ժպիտը»,- նշում են արվեստագետները: Նրանք մեծ ուրախությամբ և ոգևորվածությամբ փաստում են նաև այն, որ «Միասին» խորագրով ցուցահանդեսները կլինեն շարունակական:
    Իսկ մինչ այդ բոլորին մեծ սիրով հրավիրում են ս/թ ապրիլի 14-ին, ժամը 12.30-ին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահ՝ ներկա գտնվելու «Միասին» անդրանիկ ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բաց կլինի ապրիլի 14-17-ը:
 
Նյութը պատրաստեց Անի Հայկազունը, արվեստաբան
Լուսանկարները ՝ Լ.Արսենյանի և Մ.Ղալաչյանի անձնական արխիվից