Մեքսիկացի արվեստագետը և Փարաջանովի «Սայաթ-Նովան»

sayat-nova
    Օգոստոսի 23-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում մեքսիկացի արվեստագետ և պարուսույց Քրիստինա Մալդոնադոն ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» ֆիլմի կենդանի ինտերվենցիան՝ Մարկուս Բյութերի և Լաուրելին Կոենգի ձայնային ինտերվենցիայի համատեղությամբ:
    Նախագիծն իրականացվում էր «Ակոս» մշակութային ՀԿ-ի «Արվեստագետների ստեղծագործական կացարան» ծրագրի շրջանականերում՝ ՌԴ-ում Մեքսիկայի դեսպանատան և National Endowment for Arts and Culture (FONCA/CONACULTA) հիմնադրամի աջակցությամբ:
    Քրիստինա Մալդոնադոն, ներշնչված լինելով տեսաժապավենային և ֆիլմային արվեստով, ներկայացնում է մի նախագիծ, որում վերամշակում է ֆիլմեր՝ ստեղծելով իրական ժամանակի տեսողական կոլաժներ: Նրա աշխտանքները ներառում են փորձարարական պար, մասնակցողական արվեստ, հին ու նոր մեդիա, իսկ աշխատանքների թեմատիկան ընդգրկում է մարմինը, հաղորդակցությունը և մտերիմ հարաբերությունները:
    Արվեստագետը նշում էր, որ ամեն ֆիլմ որոշակի մոտեցում է պահանջում, որոշ ֆիլմեր պահանջում են հեռանալ ենթադրելի սյուժեից կամ խախտել դատարկ ձևը՝ լրացնելով այն որոշակի բովանդակությամբ: Իսկ ահա «Սայաթ-Նովա»-ն խորհրդանշական բնույթ ունի, պարունակում է բազմաբովանդակ իմաստներ և այդպիսով ինձ թույլ է տալիս բացահայտելու եղած խորհրդանիշներն իրենց մշակութային և գաղափարաբանական կապանքներից ազատագրելու հնարավորությունները՝ հավատարիմ մնալով ֆիլմի մաքուր ձևին, պահպանելով շարժումները, ռիթմերը, իմաստազուրկ, բայց և իմաստալից կոմպոզիցիոն հագեցվածությամբ:
    Քրիստինա Մալդոնադոն ներկայացումներ է ունեցել Մեքսիկայում, Արևելյան Եվրոպայում, Նյու-Յորքում և Մոնրեալում:
Արվեստաբան Անի Հայկազուն