ՄԵԼԻՆԵ ԹՈՒՄԱՆԻ. «ԱՐՎԵՍՏԸ ՉԻ ՍԿՍՎՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ»

Meline-Tumani
 Հայաստանում է ամերիկացի գրող, արմատներով հայ Մելինե Թումանին: Նրա ծնողները Իրանից են եղել, իսկ պապը ծնվել է Թիֆլիսում: Այժմ լրագրողն ապրում ու ստեղծագործում է Նյու Յորքում:
   Գրեթե մեկ տասնամյակ առաջ նա որոշում է գիրք գրել Հայոց ցեղասպանության թեմայով, բայց ինչպես ինքն է ասում, ոչ այնպես, ինչպես սովորաբար գրվում է:
«Սկսեցի փնտրել, թե իմ մեջ ինչ հարցեր են ծնվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ և ինչ կուզեի բացահայտել:  Արվեստի գործում առաջինը պետք է լինեն հարցերը. արվեստը չի սկսվում պատասխաններից»,- «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում ընթերցողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Մ. Թումանին:
165    «Եղել է և չի եղել» («There Was and There Was Not. A Journey through Hate and Possibility in Turkey, Armenia and Beyond») գիրքը լրագրային և գեղարվեստական ոճերի  համադ-րություն է։ «Մետրոպոլիտեն բուքս» հրատարակչությունը գիրքը անգլերենով տպագրել է 2014 թվականին (գիրքը դեռ հայերեն չի թարգմանվել)։                                              Վերնագիրը կարող է շատերի մոտ շփոթություն առաջացնել, եթե դեռ գիրքը չեն կարդացել: Իրականում հեղինակը ոչ թե կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության եղելությունը, այլ ներկայացնում է երկու կողմերի` (Հայաստան-Թուրքիա) հարցին մոտենալու իրենց դիրքորոշումները: Մի կողմից եղելությունն է, մյուս կողմից այն ժխտելու քաղաքականությունը:
    Թումանին հետևությունները թողել  է ընթերցողին: Ասում է՝ որևէ հատուկ ուղերձ տեղ հասցնելու նպատակ չի հետապնդել: Գիրքը գրելու համար հեղինակը երկար պատրաստվել է, սովորել թուրքերեն և տեղի հասարակությանը մոտիկից ծանոթանալու և նյութը հավաստի մատուցելու համար շուրջ երկուսուկես տարի բնակվել Թուրքիայում:
     «Ուզում էի հետազոտել և հասկանալ ոչ թե Հայոց ցեղասպանության հարցը, այլ թե ինչպես են թուրքերը վերաբերում խնդրին և հակառակը՝ ինչպես են հայերը արձագանքում Թուրքիայի ժխտողականությանը և մեր պահանջատիրությանը Թուրքիայի հանդեպ: Գրքում փորձել եմ հասկանալ՝ ինչպես է  թուրքերի մոտ ձևավորվում նման հոգեբանություն, երբ ամբողջ աշխարհը խոսում է Հայոց ցեղասպանության մասին և ընդունում այն, իսկ նրանք շարունակում են առաջ տանել իրենց «ճշմարտությունը»:
DSC05737  Երկու կողմերն էլ անաչառորեն ներկայացնելու միջոցով ես կարողացա ավելի շատ ընթերցողների հետաքրքրել: Միայն Թուրքիայի ժխտողականությունը ներկայացնելը, կկապեին իմ հայ լինելու և դրանով պայմանավորված նաև իրավիճակը միակողմանի դիտարկելու հետ»,-նշում է հեղինակը:
    Քրդերի և թուրքերի հետ զրուցելուն զուգահեռ Թումանին զրուցել է նաև հայերի հետ ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում: Գրելու ընթացքում մոտ չորս անգամ եկել է Հայաստան: Ափսոսում է, որ ներկայիս Հայաստանի փոխարեն գրքում ներկայացված է 2007 թվականի Հայաստանը, բայց ամեն դեպքում նրա խոսքով՝ շատ բաներ, որ կային այն ժամանակ, կան նաև հիմա: Թուրքական հասարակությունում հանդիպել է  թե՛ լավ, թե՛ վատ և թե՛ շփոթեցնող հանգամանքների:
   «Գնալիս այլ բան էի պատկերացնում, բայց նախնական պատկերացումներս ձախողվեցին և արդյունքում լրիվ այլ բան ստացվեց: Շփոթությունն այն էր, որ ի սկզբանե ցանկանում էի գրել մի գիրք, որը կմիացներ այս երկու հասարակությունները, հնարավոր կդարձներ դիվանագիտական զրույցները, ժողովուրդները կկարողանային իրար մոտենալ և ատելություն չէր լինի: Գրելիս հասկացա, որ իմ լավատեսական մոտեցումը չեմ կարողանում արտահայտել (որովհետև իրականությունն այլ է.-հեղ.) » ,-անկեղծանում է Թումանին::

    Ամերիկահայ լրագրող Մելինե Թումանին բնակվում է Նյու Յորքում։ Համագործակցում է The New York Times, The Nation, Salon, The Boston Globe, Global Post և այլ պարբերականների հետ։ Որպես միջազգային լրագրող՝ Մելինեն աշխատել է Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Թուրքիայում։ 2000-ականներին աշխատել է արտասահմանյան հաստատություններում՝ որպես լրագրող-գիտաշխատող։ «Անգլերեն լեզու և քաղաքագիտություն» մասնագիտությամբ գերազանցությամբ ավարտել է Բերկլիում Կալիֆորնիայի համալսարանը։ Մագիստրատուրան ավարտել է Նյու Յորքի համալսարանում «մշակութային ռեպորտաժներ և քննադատական հաղորդումներ» մասնագիտությամբ։
Թումանիի հետ հանդիպումը կայացավ «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի  (ապրիլի 20-29) շրջանակներում: Փառատոնն անց է կացնում Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպութունը:
 «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:
Աննա Կարապետյան