Մեկնարկում է Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնը

venezia14
Այսօր մեկնարկում է Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնը:
Այս տարի բացման ֆիլմը Մայքլ Քիթոնի մասնակցությամբ մեքսիկացի անվանի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» ժապավենն է: Ֆիլմը կատակերգություն է իր կինոկարիերան վերածնել ցանկացող դերասանի ճակատագրի մասին:  Փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի համար կպայքարի մրցութային ծրագրում ներկայացված 20 ֆիլմ:

Նշենք, որ  Վենետիկի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում «Ոսկե առյուծի» հավակնող 20 ֆիլմերի շարքում ընդգրկվել է նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ջարդ» (The Cut) ֆիլմը, որի ռեժիսորը մի շարք կինոփառատոնների դափնեկիր, ազգությամբ թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինն է:
Վենետիկի կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ ժյուրին կգլխավորի ոչ թե ռեժիսոր, պրոդյուսեր կամ դերասան, այլ կոմպոզիտոր` վեց անգամ «Օսկարի» առաջադրված Ալեքսանդր Դեպլան:
Այս տարի փառատոնը կառանձնանա նաև վերջին շրջանի փառատոնային միտումով՝ սերիալի ցուցադրմամբ: Կցուցադրվի ամերիկացի ռեժիսոր Լիզա Խոլոդենկոյի «Օլիվ Քիթրիջ» սերիալի  մի  մասը:Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 6-ը: Փակմանը ցուցադրվելու է չինացի ռեժիսոր Էնն Հուիի «Ոսկե դարաշրջան» դրաման: