ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՄԵՂԵԴԻՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

serundneri-mexediner
  Մայիսի 31-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին, Մոսկվայում՝ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում, կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ»  միջազգային  3-րդ մանկական երաժշտական փառատոնը Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ (փառատոնի հեղինակ և ղեկավար՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա):
   «Սերունդների մեղեդիներ» փառատոնին կմասնակցեն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Չինաստանից, Վիետնամից, Սերբիայից և այլ երկրներից: Մենակատարները հանդես կգան դասական ստեղծագործությունների կատարումներով:
    Հայաստանից փառատոնին կմասնակցի Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Արմեն Պուչինյանը (դաշնամուր): Պատանի դաշնակահարը սովորում է պրոֆեսոր Հասմիկ Պետրոսյանի դասարանում:
     Արմեն Պուչինյանը 2013 թվականից հանդիսանում է «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ:
    Երիտասարդ դաշնակահարը կկատարի Վ. Ա. Մոցարտի «Դաշնամուրի կոնցերտ», Լյա մաժոր, K 414, 1-ին մասը:
  «Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը բարեգործական է, այն նպաստում է մշակութային միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: