Մեկնարկում է «ՌեԱնիմանիա» կինոփառատոնը

reanimania
Հոկտեմբերի 25-31-ը կանցկացնի «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը: 

Կինոփառատոնի բացման արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 25-ին` ժամը 17:30-ին: Բացման հանդիսավոր արարողությանը կհաջորդի Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց սիրտը» ֆիլմի երևանյան պրեմիերան: 

«ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնին կհյուրընկալվեն շուրջ 20 ճանաչված հյուրեր համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից՝ Մարկ Շապիրոն (ԱՄՆ), Գարի Շվարց (ԱՄՆ), Կարոլին Շվայցեր (Գերմանիա), Շառլի Սանսոնետտի (Ֆրանսիա), Արմինե Սանսոնետտի (Ֆրանսիա), Թամար Հայդուկե (Իտալիա), Առնաբ Չաուդհուրի (Հնդկաստան), Այլին Խաչատուրյան (Լիբանան), Սիմոն Ֆիլյո (Ֆրանսիա), Անա Նեդելկովիչ (Սերբիա), Սերժ Բեսեթ (Ֆրանսիա), Սերժ Ավեդիքյան (Ֆրանսիա), Մագդալենա Օսինսկա (Անգլիա), Իլյա Յուդովիչ (Ռուսաստան), Վլադիմիր Լապին (Ռուսաստան), Ստեֆան Բերլա (Ֆրանսիա), Մարկ Բորեալ (Ֆրանսիա), Մարի Բորեալ (Ֆրանսիա), Վլոձիմեժ Մատուշևսկի (Լեհաստան): 

Այս տարի  կինոփառատոնը ստացել է 900 հայտ՝ շուրջ 90 երկրից: «Անիմացիայի հսկանեը» ծրագրի շրջանակներում կնշվեն անգլիացի նշանավոր անիմատոր Նորման Մքլարենի 100 և հայ մեծանուն նկարիչ, մուլտիպլիկատոր Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 90-ամյա հոբելյանները: Հոբելյանական ծրագրերի շրջանակներում կկայանա ռեժիսորների ֆիլմերի «Հետահայաց» ցուցադրությունների ծրագիրը: 

Ավանդույթի համաձայն՝ «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի շրջանակներում կանցկացվի «Վարպետության դասընթացներ» ծրագիրը. այս տարի կանցկացվի երեք մասնագիտական վարպետության դասընթաց՝ յուրաքանչյուրը երեք օր տևողությամբ: Կինոփառատոնի նոր նախաձեռնություններից մեկը արտադրության մեջ գտնվող անիմացիոն կինոնախագծերի մասնագիտական ներկայացումն է` (երեք նոր նախագիծ) Սերժ Ավեդիքյանի «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի արտադրական ընթացքը, Իլյա Յուդովիչի և Վալենտին Լապինի Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» վիպակի հիման վրա նկարահանվող «Իմ սիրտը» տիկնիկային լիամետրաժ ֆիլմի արտադրական ընթացքը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015 թ. «ՌեԱնիմանիա» Երևանի 7-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում: 

«ՌեԱնիմանիան» կեզրափակվի հոկտեմբերի 30-ին, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում՝ Արի Ֆոլմանի «Համաժողովը» ֆիլմի ցուցադրումով: