ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 11-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

2545
    Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Այս խորհրդանշական օրը կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 11-րդ մրցույթը ջութակ մասնագիտությամբ:
    Սա միակ հայկական մրցույթն է, որն ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների ֆեդերացիայի կազմում դեռ 2013 թվականին: Ֆեդերացիայի այս տարվա գլխավոր վեհաժողովի ժամանակ գալիք տարվա վերաբերյալ երկու կարևոր որոշում է ընդունվել: 2016 թվականին վեհաժողովը կկազմակերպվի Հայաստանում, և մրցույթը կհամալրվի նաև դիրիժորություն մասնագիտությամբ:
    Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի նախագահ, կոմպոզիտոր Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի մրցույթին մասնակցելու բազմաթիվ հայտադիմումներ են եղել. «60 ջութակահարներից ընտրվել են 25-ը, մեկը՝ բացառության կարգով, քանի որ մրցույթի կանոնակարգի համաձայն պետք է լինի 24 մասնակից»:
       Սմբատյանի համոզմամբ վերջին տարիներին մշակութային կյանքը մեծ թափ է ստացել. «Երևանը դարձել է փառատոնային քաղաք: Վերջին տարիներին մեր բոլոր նվագախմբերը մի քանի անգամ մեկնել են հյուրախաղերի տարբեր երկրներ՝ Չինաստան, Լիբանան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա: Հավատացեք, որ Խորհրդային միության տարիներին այսպիսի արդյունավետ մոտեցում չի եղել: Այն, ինչ կատարվում է մշակույթի բնագավառում շատ անսպասելի է: Այս մրցույթն էլ հպարտանալու առիթներից մեկն է»:
      Արտերկրից ժամանած մասնակիցներին ողջունեց մրցույթի ժյուրիի նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը: «Ցանկանում եմ, որ Խաչատրյանի գունեղ, բազմերանգ և շռայլ տաղանդը ոգևորի մեր երիտասարդ մասնակիցներին մրցույթը մեզ համար տոն դարձնելու համար»:
      Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի բացման արարողությունը տեղի կունենա երեկոյան՝ 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մրցույթը կանցկացվի երեք փուլով և կշարունակվի մինչև հունիսի 14-ը:
      Հունիսի 7-ին և 8-ին Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա մրցույթի առաջին փուլը, կմասնակցեն 17 երկրի  25 ջութակահարներ, որոնցից 5-ը Հայաստանից են: Ընդգրկված են նաև երիտասարդ ջութակահարներ ԱՄՆ-ից, Միացյալ թագավորությունից, Ռուսաստանից, Չինաստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Մասնակից երկրներից անվանի երաժիշտներ կան նաև մրցույթի ժյուրիի կազմում (Իգոր Պետրոշևսկի (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Կրավչենկո (Ռուսաստան), Ինո Մերկովիչ (Խորվաթիա), Վլադիմիր Լանցման (Կանադա), Պաոլո Պետրոչելի (Իտալիա), Թոնգ Վեիդոնգ (Չինաստան)):
     Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով: Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (ԱՊՀ-ՀՀՄՀ): Գլխավոր հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը:
Աննա Կարապետյան