ՄԵԿՆԱՐԿԵՑ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ

0-0-0-0--
 Այս տարի լրանում է Հայաստանի ու Ճապոնիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս առիթով բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել: Հերթը ֆիլմերի փառատոնինն է: Արդեն 12-րդ անգամ հայ հանդիսատեսը հնարավորություն ունի ծանոթանալու ճապոնական արվեստին: Ավանդույթ դարձած կինոցուցադրությունների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 19-ին:

  Այս անգամ էլ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի խոսքը հայերենով էր: Դեսպան Էյջի Տագուչին ողջույնի խոսք հղեց ներկաներին. «Այսօր ինձ համար մեծ հաճույք է լինել այստեղ: Հրավիրում եմ բոլորին միանալ մեզ և վայելել ճապոնական կինոարվեստը: Ուզում եմ՝ ֆիլմերի միջոցով ծանոթանաք Ճապոնիային և ճապոնական մշակույթին»:

  Ֆիլմերը յոթն են․ դրանք պատմություններ են սովորական մարդկանց, նրանց ընտանիքների, բարքերի, սովորույթների, մարդկային բարդ փոխհարաբերությունների մասին: Հագեցած են երաժշտությամբ ու հետաքրքիր լուծումներով: Էջմիածնում և Գյումրիում ապրող ճապոնասերները նույնպես հնարավորություն կունենան դիտելու ֆիլմերը:

 Կինոփառատոնի կազմակերպիչներից է հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և իր ուրախությունն հայտնեց փառատոնի անցկացման համար: «Այս փառատոնի շրջանակում մեզ բոլորիս սպասվում են մի քանի անմոռանալի և հետաքրքիր օրեր, որոնց ընթացքում մենք կհաղորդակցվենք համաշխարհային կինոմատոգրաֆիայում իր ուրույն և բարձր դիրքն ունեցող ճապոնական ֆիլմերի հետ: Հնարավորություն կունենանք դիտելու 2000-ականներից հետո ստեղծված նոր ֆիլմեր, որոնք բարձր գնահատանքի են արժանացել ճապոնացի կինոքննադատների կողմից»:

 «Մոսկվա» կինոթատրոնում ելույթով հանդես եկավ «Արար» երգչախումբը՝ Գոռ Մելքումյանի գլխավորությամբ։ Նրանք կատարեցին «Երգը շուրթերին» ֆիլմի սաունդթրեքը: Երգը կոչվում էր Թեգամի, որ նշանակում է նամակ: Երգը պատմում է նամակի միավորող ուժի մասին, որի միջոցով մարդիկ իրենց զգացմունքներն են արտահայտում:

  Փառատոնի առաջին ֆիլմը սամուրայական խոհանոցի և սիրո մասին դրամա էր, հիմքում` իրական սիրո պատմություն: Ռեժիսոր Յուզո Ասահարան ներկայացնում է Էդո ժամանակաշրջանի սամուրայի ընտանեկան առօրյան` սիրո և սամուրայական խոհանոցի պատմության ֆոնին:Այս ֆիլմը մի համառ սպասուհու մասին է, ով տաղանդավոր խոհարար է: Նա ամուսնանում է սամուրայական խոհանոցի Դեննայի տղայի հետ և օգնում ամուսնուն դառնալ լավ խորահար:


Մերի Հովհաննիսյան