Մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

128
 Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք ներառում են թեմատիկ ցուցադրություններ, ֆիլմերի դիտումներ, հանդիպում-քննարկումներ:
Ս. թ. մարտի 21-ին տեղի է ունեցել հանդիպում քեսապցի պատմաբան, ազգագրագետ Հակոբ Չոլաքյանի հետ: Բազմաթիվ գրքերի հեղինակի գիտական աշխատությունների շարքում է Քեսապի ամբողջական պատմությունը ներկայացնող պատմաազգագրական քառահատորը, ինչպես նաև «Տեղահանության 3 օրը» վերնագրով գիրքը: 
 Մարտի 28-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կցուցադրվի կինովավերագրող Գագիկ Հարությունյանի հեղինակային «Գութաներգ» ֆիլմը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ: Ֆիլմը ոչ միայն ներկայացնում, այլև վերագնահատում է գութաներգը` հավաստելով մեր օրերում Կոմիտաս վարդապետի կյանքի և ստեղծագործության նշանակությունը:                   
 Ապրիլի 7-8-ը կենտրոնում կբացվի ժողովրդական վարպետ, մանրանկարիչ Էդուարդ Խանոյանի «Չորս թև, չորս լույս, չորս քերովբե…» խորագրով ցուցահանդեսը, որում կներկայացվեն հեղինակի մանրանկար խաչերը: 
 Ապրիլի 11-ին կցուցադրվի պատմական ու ազգագրական եզակի արժեք ներկայացնող` «Քեսապ» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է «Յավուրյան» ստուդիայի կողմից` 2009-2010 թվականներին /մինչև սիրիական պատերազմի սկիզբը/: Ֆիլմը ներկայացնում է Կիլիկյան Հայաստանի մշակույթը կրող, ցեղասպանությունը վերապրած և մինչ օրս կանգուն Քեսապը` փոքրիկ հողակտոր, որի վրա ապրող հայը հարատևել է ժողովրդական ստեղծագործությամբ, մշակույթով ու կենցաղով: Ֆիլմի հերոսներից մեկը` Հայոց ցեղասպանությունը վերապրած և 1918 թվականին Քեսապ վերադարձած տիկին Գագլիլիա Մանճիկյանն է, ով պատմում է 1915 թվականի քեսապյան պատմական իրադարձությունների և իրենց փրկության ճանապարհի մասին: Ֆիլմին զուգահեռ կբացվի նաև «Ճանաչենք Քեսապը» խորագրով լուսանկարչակական աշխատանքների ցուցահանդեսը, որը կներկայացնի քեսապցիների կենցաղն ու մշակույթը:  
 Ապրիլի 18-ին կբացվի սերբահայ գեղանկարիչ, դիզայներ, Բելգրադի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Անամարիա Վարդապետյանի ստեղծագործությունների «Կյանք» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. ապրիլի 25-ը: Ցուցադրությունը կներառի դիմանկարներ, բնանկարներ և նկարազարդումներ, որոնց հիմնական թեման կարոտի և հպարտության զգացումով լեցուն հայրենիքն է: Վերջին 20 տարիներին Անամարիա Վարդապետյանը Սերբիայում և արտերկրում ունեցել է 32 անհատական ցուցահանդես: 
  Մայիսի 8-ին կենտրոնում կբացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Մալաթիայի Հայորդաց տան սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կցուցադրվի պատանիների ստեղծած խեցեգործության, փայտի գեղարվեստական մշակման, կտորի գեղարվեստական ձևավորման /բատիկա/, մանրանկարչության, գեղանկարչության, քանդակագործության ընտրանին: Ցուցահանդեսի բացմանը կհնչեն նաև շարականներ «Զարթոնք» մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ:      
 Ապրիլի 22-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի հանդիպում Վանից, Իգդիրից և Էրզրումից գաղթած, ցեղասպանությունը վերապրած և Դիլիջանում բնակություն հաստատած ընտանիքների ժառանգների հետ: Միջոցառումը կկրի «Նահատակ հայորդիների հիշատակին» խորագիրը: