ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ» ԾՐԱԳԻՐԸ

Mecamor_Europakan_jarangutyan_orer
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը, որն անցնում է «Ժառանգությունը և համայնքները» խորագրի ներքո: Ծրագիրը կտևի երկու օր՝ սեպտեմբերի 24-25-ը:
Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954թ.) միացած եվրոպական 50 երկրում: Ծրագիրը կյանքի է կոչվել 1984 թվականին, Ֆրանսիայում: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը Եվրոպայի խորհուրդը պաշտոնապես հաստատել է 1991 թվականին, իսկ 1999 թվականին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Հայաստանը «Եվրո¬պական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին: Այս տարի, ավելի քան 50 հազար բազմաբնույթ միջոցառումներ կհամախմբեն եվրոպացիներին մշակութային ժառանգության և դրանց պահպանության խնդիրների շուրջ:

Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 24-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության և Եվրոպայի միության համատեղ մամուլի ասուլիսով և մշակութային ծրագրով:

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում այս երկու օրերի ընթացքում կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ.ցուցահանդեսներ, համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, մշակութային զբոսանքներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, որոնք կնվիրվեն ՀՀ անկախության 25-ամյակին և կարծարծեն քառորդդարյա անկախություն ունեցող համայնքներին նվիրված թեմաներ: Իրականացվող միջոցառումները կբացահայտեն, թե ինչպես է ժառանգությունն արտացոլում համայնքի ամբողջականությունն ու յուրահատկությունը և նպաստում ընդհանրական ապագայի տեսլականի ձևավորմանը: Այս ծրագրում ողջունելի է հատկապես երիտասարդների ներգրավվածությունը և նրանց ստեղծարար մոտեցումների համախմբումը:

Կարևորելով նաև մշակութային երկխոսությունը երկրի ներսում՝ միջոցառումներին ակտիվ ներգրավվել են նաև հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները. նրանք կանդրադառնան մեր երկրում իրենց ստեղծած ժառանգությանը և դրանց պահպանության խնդիրներին: Ինչպես եվրոպական շատ երկրներում, Հայաստանում ևս մի շարք միջոցառումներ կնվիրվեն «Մշակութային ժառանգության կարևորությունը հասարակության համար» Եվրախորհրդի շրջանակային կոնվենցիային (Ֆարո), դրա սկզբունքներին ու կիրարկմանը:

Ծրագրին մասնակցում են ավելի քան 100 մշակութային կազմակերպություն, ինչպես նաև իրենց հարկի տակ այցելուներին կհյուրընկալեն Հայաստանի՝ զանգվածային հաճախումների համար փակ մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Վերը նշված երկու օրերի ընթացքում, բազմաբովանդակ և յուրահատուկ միջոցառումներով մշակութային կազմակերպություններն իրենց դռներն անվճար կբացեն հասարակության առջև՝ հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

Ծրագիրը` հետևյալ հղմամբ։