Մեկնարկեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը

smbatyan
    Սեպտեմբերի 10-ին հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) հետ համատեղ համերգով մեկնարկեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը։ Հնչեցին՝ Սերգեյ Սլոնիմսկի «Հրեական ռապսոդիա», կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի և հարվածայինների համար, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ֆա մինոր։  
    Համերգին նախորդած մամուլի ասուլիսում Ջուլիա Զիլբերքվիթը նշեց, որ Հայաստանում առաջին անգամ է և տպավորված է Երևանով։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթներ ունեցել է անցած տարի Օդեսայում։ «Նվագախումբն ուղղակի հրաշալի է, մենք կատարել ենք շատ բարդ ստեղծագործություններ։ Ելույթ եմ ունեցել շատ դիրիժորների հետ. կան դիրիժորներ, որոնք այնքան էլ շատ չեն սիրում նվագել մենակատարների հետ, սակայն Սերգեյ Սմբատյանը միշտ մեր կողքին է։ Երիտասարդական նվագախումբը շատ լավ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ է և շատ աշխատասեր։ Երբեք չեն նեղսրտում, երբ նրանց խնդրում ես ինչ-որ բան ևս մեկ անգամ կրկնել։ Երիտասարդական էներգիա եմ ստանում այս նվագախմբի հետ աշխատելիս»,- նշեց դաշնակահարուհին։ Նա նաև տեղեկացրեց, որ կոմպոզիտոր Սերգեյ Սլոնիմսկին շատ ուրախ է «Հրեական ռապսոդիայի՚ հայաստանյան պրեմիերայի համար։ Սա հեղինակի դաշնամուրային առաջին կոնցերտն է և նվիրած է հենց Ջուլիա Զիլբերքվիթին։
    Ջուլիա Զիլբերքվիթը լրագրողների հետ զրույցում ասաց նաև, որ ծանոթ է հայկական երաժշտությանը, շատ է սիրում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը. «Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները մեր ռեպերտուարի մասն են կազմում, այնպես, ինչպես Բախը, Մոցարտը, Շոստակովիչը։ Ես չգիտեմ որևէ երաժշտի, որ ստանալով մասնագիտական կրթություն դպրոցում, կոնսերվատորիայում՝ չնվագի Խաչատրյանի գործերը»։
    Դաշնակահարուհին տեղեկացրեց նաև, որ Նյու Յորքում բազմիցս է մասնակցել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակին նվիրված համերգներին, որոնք արդեն ավանդույթ են դարձել և 10-15 տարի անցկացվում են աշնան ամիսներին։ Ըստ դաշնակահարուհու՝ երկու ազգերի այդ մեծ վիշտը համախմբում է մարդկանց։
    Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ ուրախալի է, որ այն մենակատարները, ում հետ նվագախումբը մեկ անգամ աշխատում է, ցանկություն են հայտնում շարունակել համագործակցությունը։ Սա, ըստ Սերգեյ Սմբատյանի, մեծ ձեռքբերում է։ Նա նաև տեղեկացրեց, որ 2013-14թթ. համերգաշրջանը լինելու շատ բովանդակալի՝ լի անակնկալներով. կան միջազգային պայմանավորվածություններ, Հայաստան կժամանեն հանրահայտ մենակատարներ։ Բացի այդ, նոր համերգաշրջանում երիտասարդական նվագախումբը հրավիրված է լավագույն փառատոների ու գործակալությունների կողմից։
    Նվագախմբին համերգաշրջանի բացման առթիվ շնորհավորելու էր եկել նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որը նշեց, որ նվագախմբի ելույթները երիտասարդական ոգի են բերում մեծ արժեքներին. «Ես շատ ուրախ եմ մեր երիտասարդների աշխատասիրության, նվիրվածության համար»:

                                                                  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
                                                                  հասարակայնության հետ կապերի բաժին
                                                                   This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.