ՄԵԿ՝ ԹԱՌ, ՄԵԿ՝ ՔԱՆՈՆ

sima-martirosyan
 Թառը ձեռքին այս աղջնակը Սիմա Մարտիրոսյանն է: Վեց տարի է, ինչ սովորում է Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցում:
 
«Հաճախում եմ և քանոնի, և թառի: Երկուսն էլ շատ եմ սիրում, բայց ավելի վարժ տիրապետում եմ քանոնին»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց նա:

Սիմային հանդիպեցինք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ մարզերի շնորհալի երեխաների հաշվետու համերգից առաջ: «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնած համերգին մասնակցում էին մեր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների լավագույն սաները:

Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի Ժողովրդական նվագարանների համույթը (ղեկավար՝ Հովհաննես Հայրիկյան) ներկայացրեց հայկական պարեղանակների շարան:

«Երբ գնացի թառի, համույթը նոր էր ձևավորվում, այդ ժամանակվանից կազմում եմ: Շատ համերգներ ենք ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս՝ Լեհաստանում, Բելառուսում»,- պատմեց Սիմա Մարտիրոսյանը:

Սիման համերգների և մրցույթների է մասնակցել նաև որպես անհատ կատարող: «Ոսկե տավիղ-2016» երաժշտական մրցույթ-փառատոնի ժամանակ զբաղեցրել է երկրորդ տեղը:

«Այս տարի մենահամերգ եմ ունենալու մեր արվեստի դպրոցում: Շատ եմ ուզում նվագել նաև Ծովինար Հովհաննիսյանի «Էքսպրոմտը»: Փորձում եմ սովորել»,- ասաց նա:

Թե ինչ մասնագետ է ուզում դառնալ, դեռ չի որոշել: Ասում է՝ ինչ էլ լինի, իր թառն ու քանոնը չի թողնի:

ՀՀ մարզերի շնորհալի երեխաների հաշվետու համերգին մասնակցում էին Էջմիածին, Աբովյան, Արարատ, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Սիսիան քաղաքների, Օձուն և Ուջան համայնքների արվեստի և երաժշտական դպրոցների սաներ:

Հնչեցին Ա.Վիվալդիի, Ռ.Շումանի, Դ. վան Գոենսի, Ա.Սկրյաբինի, Ֆ.Կրայսլերի, Կ.Անդերսենի, Ա.Սանդովալի, ինչպես նա հայազգի կոմպոզիտորներ Ա.Բաբաջանյանի, Ծ.Հովհաննիսյանի, Ռ.Պետրոսյանի, Գ.Չթչյանի ստեղծագործություններից:

Մարզերի մասնակիցներին ողջունելու էր եկել Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի փողային համույթը:

ՀՀ մարզերի շնորհալի երեխաների հաշվետու համերգի հիմնական նպատակն էր բացահայտել «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի աշխատանքային ծրագրում ընդգրկված շնորհալի երեխաների մեկ տարվա կատարած աշխատանքը, նրանց զարգացումը և մասնագիտական աճը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց ելույթ ունենալ մայրաքաղաքի համերգասրահում:

Աննա Կարապետյան
լուսանկարը՝
 «Ոսկե տավիղ-2016»-ի ֆեյսբուքյան էջից