ՄԵԿ ՇԱԲԱԹ ՀԵՏՈ ԿՆՇՎԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ

surb-sargis
     Բազմաթիվ երիտասարդներ սպասում են սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին: Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը Ն․Ա․Օ․Տ․Տ․Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։
    Տոնը շարժական է և այս տարի կնշվի հունվարի 23-ին։ Արդեն 11-րդ անգամ տոնը կնշանավորվի ոչ միայն եկեղեցական արարողակարգով, այլև մի շարք միջոցառումներով․ տոնին նախորդող և հաջորդող օրերին նույնպեսկկազմակերպվեն ցուցահանդեսներ, համերգներ, ազգային ավանդույթներով համեմված միջոցառումներ։
    Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ չնայած եկեղեցին միշտ կազմակերպում է տոները, բայց շատացել են նաև երիտասարդական նախաձեռնությունները։
surb sargsi ton    «Տարեցտարի հոգևոր կյանքին մարդկանց մասնակցությունը հիմնավոր և հաստատուն կերպով աճում է»,- նշում է նա։
    Սուրբ Սարգսի տոնին կմատուցվի Սուրբ Պատարագ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում, ինչպես նաև Երևանի՝ Սուրբ Սարգսի անունը կրող մյուս եկեղեցիներում (Արգավանդ, Նոր Նորք)։ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգսի մասունքակիր աջը, ինչպես նաև եկեղեցում արտագրված 17-րդ դարի Ավետարանը (մինչև 17:30)։ Երիտասարդները կարող են այցելել Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներ և ստանալ օրհնություն (մինչև 22:00)։
    Տոնին ուշադրության կենտրոնում կլինեն նաև մեր զինծառայողները։ Ամեն տարի սիրո բարեխոսի տոնի առիթով տոնախմբություններ են կազմակերպվել նաև զորամասերում։ Այս տարի լավագույն զինվորները հնարավորություն կունենան գալ Երևան, մասնակցել Սուրբ Պատարագին, ինչից հետո նրանք օրհնություն կստանան և կպարգևատրվեն։ Պարգևատրումը տեղի կունենա ժամը 13:00-ին Արարատյան Հայրապետական թեմի դահլիճում։ Արարողությանը ներկա կգտնվի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
    Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Սիրահարների այգում կկայանա տոնական համերգ (ժամը 15:00): Համերգին մասնակցել ցանկացողները կարող են առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցուց քայլերթով (ժամը 14:00) շարժվել դեպի Բաղրամյան պողոտա։
   Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումները կիրականացվեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և նախաձեռնությամբ։
Աննա Կարապետյան