Մեկ օր գրքի շնչառությամբ

isahakyan
    Արդեն վեցերորդ տարին է, ինչ փետրվարի 19-ը` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր: Գրադարաններում և գրախանութներում գիրք են նվիրում, «գրքախաղ» կազմակերպում, լսում և խոսում գրքի մասին: Հենց այն, ինչ պետք է իսկական ընթերցասերին լավ տրամադրության ունենալու համար:
    Արդեն երկրորդ տարին է, ինչ իրարանցում են ստեղծում նաև ընթերցողների ֆեյսբուքյան «հավանել»-ները հանուն գրքի: Այս տարի նույնպես  «Էդիթ Պրինտ» և «Անտարես» հրատարակչությունները, իրականացնելով ֆեյսբուքյան մրցույթը, կատարեցին իրենց «խոստումը»՝ նվիրելով խոստացված գրքերը: Այսօր «Անտարես» հրատարակչություն 200 ընթերցողի հանձնեց նրանց շահած գրքերը: Հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշում է, որ հետաքրքրությունը մեծ էր հատկապես հայ և համաշխարհային գրականության նկատմամբ, չնայած անվանակարգերը չորսն էին` «Հայ ժամանակակից գրականություն», «Հայ և համաշխարհային գրականություն», «Մանկական գրականություն» և «Գիտական գրականություն». «Գայթակղությունը մեծանում է, երբ խոսքը գնում է Ջորջ Օրուելի, Հենրի Միլլերի, Լևոն Խեչոյանի մասին»:
    «Էդիտ Պրինտ» հրատարակչությունն իր հերթին կուրախացնի 250 ընթերցողի, ովքեր իրենց նվեր գրքերը կստանան վաղը:
zangak    Ինչպես ամեն տարի Խնկո-Ապոր անվան գրադարանում նորից նշում էին գրքի տոնը: Հրատարակչությունների հետ համատեղ իրականացվող ցուցահանդես-վաճառքն իր տասնամյա հոբելյանը նշում էր այս գրադարանում: Այստեղ, սակայն, գրքի տոնը մի օր չէ, որ նշվելու է: Երեք օր կշարունակվի ցուցահանդեսը, տեղի կունենան շնորհանդեսներ, կինոդիտումներ, երաժշտական ունկնդրումներ, վիկտորինաներ և այլ միջոցառումներ: «Միջոցառումները բազմաժանր են, քանի որ դրանց նպատակը ոչ միայն գրքի վաճառքն է, այլև ավելի շատ գիրքը հասարակությանը և հատկապես մանուկներին ճիշտ ներկայացնելը»,- ասում է գրադարանի փոխտնօերն Մադլեն Հովսեփյանը:
    Ժամեր շարունակ մարդաշատ էր նաև Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը: Գրադարանն իր ընթերցողներին յուրովի շնորհավորեց և նվիրեց շուրջ 2000 անուն գիրք: Գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը իր ուրախությունն է հայտնում՝ նշելով, որ գրքի նկատմամբ վերաբերմունքը, սերը պահպանվել է, մարդիկ անտարբեր չեն գրականության, լեզվի ու մշակույթի նկատմամբ: Ոչ միայն գրադարանը, այլև ինքը տիկին Ռուզաննան այս օրը ոչ միայն ստանալու, այլև նվիրելու ավանդույթ ունի. «Ամեն տարի մայրիկիս, եղբորս և մի քանի հարազատներիս համար գիրք եմ ընտրում: Անցած տարի եղբորս Գարեգին Նժդեհի մասին գիրք նվիրեցի, որոշ ժամանակ անց նա «Գարեգին Նժդեհ» մեդալի արժանացավ: Կարծում եմպատահական չէր»:
bukinist    Իր՝ «լավագույն նվերը գիրքն է» սկզբունքին համաձայն Բուկինիստն էլ դատարկաձեռն չթողեց ոչ միայն իր հաճախորդներին, այլև պատահական անցորդների: Անցորդները գրքախաղ էին խաղում հենց մուտքի մոտ, պատասխանում հինգ հարցերից գոնե երեքին և ընտրում իրենց նվեր գիրքը: Նվեր գրքի, ինչպես նաև զեղչի քարտի հնարավորություն ունեցան այն հաճախորդները, ովքեր հենց գիրք նվիրելու օրն էին որոշել գնում կատարել: «Բուկինիստ»-ի համար կարելի է ասել տոնը կրկնակի էր: Ամփոփվեցին նաև «Իմ ամենասիրելի գիրքը» լուսանկարների մրցույթի արդյունքները: Մրցանակակիրները 25 էին: Մասնակիցներն իրենք էին ընտրում իրենց նվեր գրքերը: Կային նաև հատուկ մրցանակներ հրատարակչության ներկայացուցիչների կողմից: Ֆեյսբուքյան հավանությունների շնորհից առաջին մրցանակին արժանացավ Արման Դադայանը Բեգբեդերի «Ռոմատիկ Էգոիստը» գրքի լուսանկարով. «Շատ ուրախ եմ, որ առաջին հաղթանակս գրքի հետ է կապված, ինչ վերաբերում է նախաձեռնությանը, ապա այն շատ լավ առիթ է ընթեցանությանը նպաստելու համար, հուսանք` շարունակական կլինի»: Մեզ հետ զրույցում Արմանն ասաց, որ համաշխարհային գրականության սիրահար է, բայց ամենասիրելի գիրքն իրականում դժվարանում է առանձնացնել. «Լուսանկարում հենց այս գիրքն է, քանի որ վերջինը դա էի կարդացել, տպավորություններս և զգացողություններս թարմ էին»:
Աննա Կարապետյան