«ՄԵԿ, ԵՐԿՈՒ, ԵՐԵՔ ․․․․». ՖԻԼՄ ԱՊՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Arman-Yericyan
    Օգոստոսի 4–ին «Լոֆթ» կենտրոնում ցուցադրվեց Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք․․․» ֆիլմը, որն այս տարվա «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»։ Ցուցադրությանը ներկա էին ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Արման Երիցյանը, ֆիլմում ընդգրկված «Ընտրյալներ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ժասմինա Կարապետյանը։
    «Մեկ, երկու, երեքը․․․» պատմություն է տարեցների մասին, ովքեր նոր-նոր են սկսում  գնահատել կյանքը, ապրել այսօրով, պարել, վայելել այն ժամանակը, որն ունեն։ Ներկայացված է հերոսներից յուրաքանչյուրի անձնական դրաման, բայց երբ հերոսները պարում են, կարծես հենց նոր էկրանին հայտնված միայնակ ու բազում խնդիրներ ունեցող մարդիկ չլինեն, լրիվ ուրիշ մարդ են դառնում պարելիս։ Ի վերջո հենց պարն էլ ստիպում է նրանցից յուրաքանչյուրին փոխվել։ Հերոսներից 80-ամյա Միխայիլը վերջապես ազատում է իր բնակարանն անպետք իրերից, որոնք կուտակել էր վերջին 15 տարիների ընթացքում, վերանորոգում է բնակարանն ու ընկերներին հրավիրում։
   371 Համույթի գեղարվեստական ղեկավար Ժասմինա Կարապետյանի խոսքով մինչև նկարահանումների սկիզբը չեն էլ իմացել, թե ինչ վիճակում է Միխայիլի տունը․«Ինձ էլ  թույլ չէր տալիս իր բնակարան հյուր գնալ։ Մեկ տարի խնդրել ենք, որ թույլ տա ներս մտնել, նկարել»։
 Ժասմինա Կարապետյանը «Ընտրյալներ» պարային համույթն է ղեկավարում արդեն 25 տարի։ Վերջին 8 տարիների ընթացքում այն դարձել է տարեցների համույթ։
     «Պարը նրանց մոտ առաջ բերեց ապրելու, կյանքը նորովի տեսնելու ցանկություն, տվեց նրանց շարժում, շունչ, երջանկություն, ժպիտ, նոր ապրելակերպ և կյանքի շարունակություն»,-նշեց համույթի գեղարվեստական ղեկավարը։
    «Մեկ, երկու, երեքը․․․» ֆիլմի նկարահանման և մոնտաժման աշխատանքները տևել են 5 տարի։ Նկարահանվել է 160 ժամանոց տեսաշար։ Հերոսներին ռեժիսորը նկատել է «Թաքնված տաղանդ» հեռուստանախագծի ժամանակ։
    «Պատահաբար տեսա համույթի ելույթը, ինձ հետաքրքիր թվաց։ Չգիտեի, որ բացի ծերունական աշխուժությունից, յուրաքանչյուրն իր ներսում ունի այդքան խորը դրամա։ Ինձ գայթակղեց նրանց հպարտ հայի տեսակը, որ կարող են բոլոր խնդիրները թաքցնել։ Շերտ առ շերտ բացահայտվեցին այդ խնդիրները,  դրամաները»,-պատմեց Երիցյանը։
    372Կինոգետ Սիրանույշ Գալստյանը «Մեկ, երկու, երեքը․․․» բնորոշեց որպես իմաստուն ֆիլմ, որն ավելին է, քան ռեժիսորի նախորդ ֆիլմերը․«Տարիներ առաջ, երբ Վիմ Վենդերսի վավերագրական ֆիլմը տեսա Կուբայի տարեց երաժիշտների մասին, որոնք ֆիլմի վերջում «Քարնեգի հոլում» են ելույթ ունենում, մտածեցի, որ Հայաստանում էլ կլինեն այդպիսի տարեցներ, կլինի մի այդպիսի խումբ, որի մասին արժե ֆիլմ նկարել։ Հետո Դմիտրի Կեսայանցի ֆիլմի մասին իմացա, լեռան վրա` անդունդի եզրին, տարեցները պարում են։ Արման Երիցյանը Դմիտրի Կեսայանցի ուսանողն է եղել։ Իմ այդ ապրումները՝ մի քիչ նախանձով Վիմ Վենդերսի ֆիլմը նայելը, տխրելը, որ Կեսայանցի ֆիլմը եղել է ու աննկատ է մնացել, կարծես այդ ճանապարհը, այդ դրամատուրգիան իր օրինաչափ շարունակությունն ու բարձրակետն ունեցավ այս ֆիլմով»։
    Գալստյանը առանձնացրեց ութսունամյա Միխայիլի կերպարը, ով երբեք չի ամուսնացել և միայնակ ապրում էր իր՝ անպետք իրերի «թագավորությունում»։
    «Այդպիսի մարդու էկրանին տեսնելուց հետո հաստատ երբեք չես մոռանա։ Մեծ փիլիսոփայական ընդհանրացումների արժանի մի թեմա է այդ մարդը, նրա կերպարը և այն ամենն, ինչ նա անում է ֆիլմում՝ կարծես կադրի հետևում թողնելով իր ապրած ութսուն տարիները։ Բացառիկ հետաքրքիր կերպար էր։ Խաղարկային ֆիլմի շատ ռեժիսորներ կնախանձեն, որ իրենք այդպիսի կերպար չեն կարողացել հորինել, այնինչ կյանքում կա նման կերպար,-նշեց կինոգետը։
Աննա Կարապետյան