«ՄԵԾ ԵՐԵՎՈՒՅԹ ԷՐ ԼԵՎՈՆԸ»․ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

khechoyan-60
    «Այսօր և վաղը մեր գրականությունը նրանով է շարունակվելու»,- տարիներ առաջ գրել է Հրանտ Մաթևոսյանը նոր-նոր գրականություն մուտք գործող, երիտասարդ արձակագիր Լևոն Խեչոյանի մասին։
    Արդեն այսօր, երբ երկու արձակագիրներն էլ մեզ հետ չեն, Մաթևոսյանի խոսքերով է բացվում Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։ Կ․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում էին Հ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները։ Նրանք ներկայացրին Խեչոյանի «Կարմիր կոշիկները» և «Դատախազի թաղումը» պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումների առաջնախաղերը։ Երեկոյի ընթացքում հանդես եկան նաև դերասան-ասմունքողներ և երաժիշտ-կատարողներ։
4 khechoyan    Հանդիսականը հնարավորություն ստացավ ծանոթանալու ոչ միայն արձակագիր Լևոն Խեչոյանին, այլև ազատամարտիկ Լևոն Խեչոյանին։ Բեմադրվել էր պատերազմից մի հատված։ Հնչում էր «Պիտի գնամ վաղ, թե ուշը», որից հետո բեմ բարձրացավ երգիչ Դավիթ Ամալյանը և կատարեց «Պատիվ ունեմ» երգը։
    Ներկայացումներն ընդմիջվում էին տեսանյութերով, որտեղ հայ և օտարազգի գրողները, Խեչոյանի գրականության սիրահարները պատմում էին արձակագրի հետ ծանոթության և նրա գրականության թողած ազդեցության մասին։ Էկրաններին հայտնվեց նաև սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով ներկա էր միջոցառմանը։
2 khechoyan    «Մեծ ցավ է ամեն օր, երբ քո ձեռքին է Լևոն Խեչոյանի գիրքը, իսկ նա չկա։ Այնքան անժամանակ, այնքան անսպասելի․․․ Ես նրա գրականությունը ապրեցի խորապես նույնքան, ինչքան ապրեցի նրա գոյությունը՝ հայ մարդու, հայ ընտանիքի զավակի, հայ զինվորի, հայ ընկերոջ։ Մարդկայինը, որ նրա կյանքը եղավ և նրա ապրածը, նա հավերժությանը տվեց գրականության միջով։ Ես վստահ եմ, որ նրա թողած ժառանգությունը մեր նորօրյա գրականության ամենաբարձր արտահայտությունն է թե արմատների խորքով ու բովանդակությամբ, թե իբրև թանձր լռություն բառերի արանքում։ Մեծ երևույթ էր Լևոնը, օրեցօր բացվելու զորավոր ուժ»,- Cultural.am-ի հետ զրույցում անկեղծացավ կոմպոզիտորը։
3 khechoyan1 khechoyan 60        Արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն կազմակերպվել էր ՀՀ Մշակույթի նախարարության աջակցութամբ։ Երեկոյի բեմադրիչն էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։
Աննա Կարապետյան