Մաուրիցիո Բորանի. «Եկանք սովորեցնելու, բայց նաև սովորեցինք»

hay-ital.-cragir
  Հուշարձանների վերականգնման պատմություն, տեսություն, վերականգնման եղանակներ. այս հարցերի շուրջ արդեն երկու տարի է ուսումնական ծրագրի են մասնակցում Հայաստանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանի /ՀՊՃՇՀ/ ուսանողները` ապագա ճարտարապետներ և ճարտարագետներ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտգործնախարարության կնքած համաձայնագրի հիման վրա: Այս ընթացքում ՀՊՃՇՀ-ի ուսանողների հետ իրենց փորձն են կիսել Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոսները, Իտալիայից ժամանած այլ մասնագետներ: Դասընթացները եղել են տեսական և գործնական: Տեսական մասում ուսանողները ծանոթացել են մեթոդաբանությանը, որից հետո նրանց տրվել է հնարավորություն կիրառել սովորածը գործնականում և ձեռք բերել հմտություններ: 2012թ-ից ուսանողները ուսումնասիրություններ և վերականգնման աշխատանքներ են կատարել Արագածոտնի մարզի Արուճի վանական համալիրում: Հետագայում, արդեն ունենալով Արուճի փորձն ու օրինակը, բաժանվել են երկու-երեք հոգանոց խմբերի և սկսել են աշխատել սեփական նախագծերի վրա: Քսաներեք ուսանող էլ հնարավորություն է ունեցել երկու շաբաթով մեկնել Իտալիա և ծանոթանալ այնտեղի աշխատանքներին. «Նրանց հուշարձանները շատ են, փորձը` նույնպես և, չնայած Հայաստանի և Իտալիայի հուշարձանները տարբեր են, բայց մեզ համար կարևոր էր փորձի փոխանակումը, նրանց մոտեցումները վերցնելը»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՊՃՇՀ ուսանող, ծրագրի մասնակից Նանար Քալանթարյանը:
hay-italakan-cragir   Իտալիայում ուսանողները ներկա են եղել ընթացքի մեջ գտնվող վերականգնման աշխատանքներին, ծանոթացել հուշարձանների վերականգնման և պահպանման աշխատանքների իտալական պատմությանը, կարելի է ասել ստացել են մասնագիտական վերապատրաստում. «Մենք տեսնում էինք պատմական կառույցները ներսից, թե ինչ աշխատանք է արվել և արվում դրանց պահպանման համար, օրինակ` ինչպես են պահպանում Լեոնարդո դա Վինչիի նկարները»,- պատմում է Նանար Քալանթարյանը:
   Ապրիլի 8-ին, 9-ին և 10–ին Նանար Քալանթարյանը և ծրագրի մյուս մասնակիցները հայ և իտալացի մասնագետների դատին հանձնեցին իրենց թեզերը, որոնց պաշտպանության բացման արարողությանը ներկա էր նաև Cultural-ը: Ծրագրի կրթական մասով տնօրեն, Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Մաուրիցիո Բորանին իր ելույթում նշեց, որ շատ ուրախ է մեր ուսանողների հետ աշխատելու հնարավորություն ունենալու համար. «Եկանք սովորեցնելու, բայց նաև սովորեցինք, տեսանք, որ հայերը հպարտ ժողովուրդ են, ունեն մշակութային մեծ ավանդույթ: Տեսանք նաև շատ հետաքրքրված ուսանողների, և հույս ունեմ, որ նրանք կկիրառեն այս ընթացքում սովորածը իրենց պրոֆեսիոնալ կյանքում»: Ծրագրի կազմակերպիչ և ղեկավար Գայանե Կազնատին էլ ասաց, որ ծրագիրը կրթական է, որոշ աշխատանքներ անավարտ են, որոշները շատ հաջողված, բայց դրանց հետագա իրականացումը կախված է ոչ թե ծրագրից, այլ նախարարությունների աջակցությունից ու ֆինանսավորումից:
hay-ital.-pashtpanutyun     Բացման արարողությունից հետո Cultural-ը զրուցեց Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Սուզաննա Բորտոլոտտոյի հետ, ով երկու տարի աշխատել է ուսանողների հետ Արուճում, Ավանում, Երերույքում և Էրեբունիում. «Մենք տեսանք ուսանողներին սկզբում և հետո, տեսանք նրանց աճն ու հասունացումը: Ի տարբերություն մեզ մոտ Իտալիայում անցկացվող ծրագրերի` այստեղ քիչ էր ժամանակը, կարելի էր ավելին անել»: Սյուզաննա Բորտոլոտտոն անդրադարձավ նաև Հայաստանի հուշարձաններին. «Նշանավոր ճարտարապետական ժառանգություն ունեք, որը, սակայն, արժևորման կարիք ունի, որպեսզի հետագայում դրանք կարողանաք օգտագործել ոչ միայն ճարտարապետական, այլև տուրիստական նպատակներով»:
    Բորտոլոտոն արդեն հինգերորդ անգամ է Հայաստանում: Ճարտարապետը մեր երկիրն ասոցացնում է մեր լեռների և ճարտարապետության հետ. «Մեկնելու եմ վերադառնալու ակնկալիքով, քանի որ շատ սիրեցի Հայաստանը իր հուշարձաններով ու մարդկանցով»:
                                                                                                                            Աննա Կարապետյան