«ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ»

1751
    2013թ. դեկտեմբերի 13-ին ժամը 13:00-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում (ք. Երևան, Աբովյան 9, 3-րդ հարկ) «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության (նախագահ` Արսեն Քարամյան) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի (վարչության նախագահ` Աշոտ Օսիպյան) միջև կստորագրվի համագործակցության հուշագիր, ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուներին մատչելի պայմաններով հիփոթեքային վարկավորում տրամադրելու վերաբերյալ:
    Ծրագրի շահառուներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից հիփոթեքային վարկերը տրամադրվելու են ՀՀ դրամով, մինչև 20 տարի մարման ժամկետով, 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով և կառուցվող բնակարանների գրավադրմամբ: Տրամադրվող վարկերը վերաֆինանսավորվելու են ՀՀ կենտրոնական բանկի «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպության կողմից:
    Ծրագրի շրջանակում Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցվում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից գրեթե կրկնակի չափով ցածր գներով տրամադրվելու են երիտասարդ մասնագետներին:
    Բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասն ունի 20000 քմ. ընդհանուր մակերես:
    Բնակելի համալիրը բաղկացած է լինելու յոթ մասնաշենքերից և ընդհանուր առմամբ ունենալու է 490 բնակարան: Բնակարանները շահառուներին հանձնվելու են ամբողջությամբ վերանորոգված վիճակում:
Շենքի շինարարությունը մեկնարկել է 2013թ. փետրվարի 1-ին և նախատեսվում է ավարտել 2015թ. հուլիսին:
    Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էյ Դի Էյ» շինարարական կազմակերպությունը (տնօրեն՝ Վահրամ Մելքումյան):
    Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա: Այն ունենալու է 14 բնակելի հարկ` երկու, երեք և չորսսենյականոց բնակարաններով, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղեր` նախատեսված 116 ավտոմեքենաների կայանման համար: Յուրաքանչյուր մուտքում լինելու է 2 վերելակ:
    Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ և ծառուղիներ: Տարածքն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն:
    Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10.5 մլրդ. ՀՀ դրամ:
    Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվեն ավելի քան 900 աշխատատեղեր: