Աշոտ Զոհրաբյան. «Մանսուրյանն առաջինն էր, ով հասկացավ Կոմիտասին»

Ashot Zohrabyan1
    Ծաղկաձորի Գրողների տանը շարունակվում է «Ջրբաժան.60-70-ականների արվեստագետների սերունդ» խորագրով գիտաժողովը: Այսօր միջազգային գիտաժողովի հյուրն էր կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը :
    «60-70-ականների կոմպոզիտորները ոչ միայն փոխեցին հայ երաժշտության ընթացքը, այլեւ կոմպոզիտորի կերպարի մասին պատկերացումները»,- նիստի բացման ժամանակ նշեց կոմպոզիտոր, նիստի վարող Արթուր Ավանեսովը:
    Օրվա հյուր Աշոտ Զոհրաբյանը նախ պատմեց իր երաժշտական կարողությունների բացահայտման մասին. «Առաջինը, ով նկատեց, որ ես կարող եմ երաժշտություն գրել, Տիգրան Մանսուրյանն էր: Մի անգամ նա նկատեց, որ Շոպենի ոճով եմ ստեղծագործում, և ասաց, թե դա բոլորն էլ կարող են անել, սկսեց նվագել Շոպենի իր իմպրովիզացիան: Գնալիս էլ խորհուրդ տվեց, թե՝գնա, քոնը գրիր»:
    Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ մեր երաժշտության մեծերին:Խոսելով հայ երաժշտության ակունքներում կանգնած Կոմիտասի մասին նա հատկապես առանձնացրեց նրա վոկալ-դաշնամուրային գործերը.«Ես պոեզիայի մեջ այնքան պոեզիա չեմ տեսնում, որքան կա Կոմիտասի գործերում: Կարծում եմ, Մանսուրյանը առաջինն էր, ով իսկապես տեսավ և հասկացավ Կոմիտասին: Եթե Կոմիտասը ողջ լիներ եւ լսեր Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը, անպայման կասեր՝ սա էի ուզում»:
    Խոսելով Տիգրան Մանսուրյանի մասին՝Զոհրաբյանը ասաց, որ Մանսուրյանը ոչ միայն հայ երաժշտություն բերեց եվրոպական արժեքներ, այլեւ դրա հետ մեկտեղ կարողացավ հավատարիմ մնալ մեր ակունքներին. «Երաժշտություն ստեղծելու համար պետք է ոչ թե շարունակել կամ կրկնել նախորդին, այլ սկսել ամենասկզբից: Մանսուրյանը գնաց ոչ թե Խաչատրյանին շարունակելու ճանապարհով, ինչպես շատերն էին անում, այլ փորձեց Կոմիտասից շարունակել: Խաչատրյանին շարունակելը ապարդյուն գործ կլիներ, քանի որ նա իր տեսակով եզակի երեւույթ էր, կարելի է ասել պայթյուն երաժշտության ասպարեզում»:
    Անդրադառնալով երաժշտության ստեղծմանը կոմպոզիտորը նշեց. «Երաժշտությունը սկսվում է հնչյունից եւ ռիթմից, իսկ հետո դառնում ես ձեւի «ստրուկը » , անընդհատ քեզ հետապնդում է գործը ճիշտ ձեւի մեջ դնելու հարցը: Եթե չկա ձեւ, չկա նաեւ ստեղծագործություն»:
    Երաժշտական ստեղծագործության կյանքը Զոհրաբյանի բնորոշմամբ կախված է նրա հնչելուց. «Ստեղծագործությունը, որը հնչում է, ապրում է: Եթե ստեղծվելուց հետո 1-2 տարի չհնչի, կմոռացվի եւ կդադարի ապրել»: 
Նյութը և լուսանկարները` Աննա Կարապետյանի