Մահթումկուլի-Ֆրագիի 290-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանս

YSU
    Մարտի 24-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) կմեկնարկի Մահթումկուլի-Ֆրագիի 290-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսը, որին կհաջորդի հռչակավոր թուրքմեն բանաստեղծի ստեղծագործությունների ժողովածուի հայերեն երրորդ հրատարակության շնորհանդեսը:  
    2014 թվականին լայնորեն նշվում է թուրքմենական գրականության դասական Մահթումկուլի-Ֆրագիի ծննդյան 290-ամյակը, և այս կապակցությամբ ինչպես Թուրքմենստանում, այնպես էլ բոլոր բարեկամ երկրներում  նախատեսված են մի շարք միջոցառումներ:
    ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, Թուրքմենստանի՝ Մահթումկուլիի անունը կրող պետական համալսարանի, երևանյան «Արտագերս» հրատարակչության և Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան սերտ ու բազմամյա համագործակցության արդյունքում լույս է տեսել Մահթումկուլիի բանաստեղծությունների ժողովածուի երրորդ հրատարակությունը, որի ծավալուն առաջաբանը գրել է Թուրքմենստանի նախագահ, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Mahtumkuli    Ժողովածուի մեջ զետեղված են թե՛ նախկինում տպագրված բանաստեղծություններ (թարգմանիչներ՝ Գ. Բանդուրյան, Ն. Միքայելյան, Ա. Թարյան, Գ. Ումառյան, Մ. Հարությունյան, Վ. Հովակիմյան), թե՛ միանգամայն նոր թարգմանություններ, որոնք կատարել է ժամանակակից ճանաչված բանաստեղծ-թարգմանիչ Վարուժան Խաստուրը:
    Գրքում զետեղված են թուրքմենական ճանաչված միջնադարագետ, Թուրքմենստանի ԳԱ հին ձեռագրերի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Անակուրբան Աշիրովի՝ Մահթումկուլիի կյանքն ու ստեղծագործությունը համակողմանիորեն լուսաբանող  ծավալուն հոդվածը, ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնյանի և Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի «Մահթումկուլիի ստեղծագործությունների հայերեն երրորդ հրատարակության առթիվ» վերջաբանը, ինչպես նաև համապատասխան բառարան:
    Գիրքը հրատարակվել է  պոլիգրաֆիական բացառիկ բարձր մակարդակով:  
    ԵՊՀ գիտական խորհրդի կողմից հրատարակության երաշխավորված գրքի շնորհանդեսին կմասնակցեն բարձրաստիճան անձինք, հասարակական ու մշակութային ականավոր գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև Թուրքմենստանից ժամանած հատուկ պատվիրակությունը:
    Նախատեսվում է նաև թուրքմենական բախշիների (գուսանների) ելույթ ու շնորհանդեսի ամբողջական ցուցադրություն թուրքմենական հեռուստատեսությամբ: