Մահացել է անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը

gharabekyan
    Այսօր 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը: 
    Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. հուլիսի 7-ին, Բոստոնում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում: Դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ: 1979թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Ս.Չելիբիդակեի աշակերտը: Սովորել է նաև Ջ.Դրուգմանի և Լ.Բերնշտայնի մոտ: Եղել է Հայաստանի պետական Կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: 1983թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991թ.: 
    Աշխատել է Կիևի ռադիո և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ և միասին թողարկել է «Ռոմեո և Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայի մշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Ղեկավարել է նաև Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ու Օպերայի և բալետի թատրոնը: Աշխատել է նաև Զագրեբի սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես հրավիրված դիրիժոր: Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր` Հայաստանի և Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Շրեվեպորտի, Հանգչջոուի և Զեջիանգի սիմֆոնիկ: 
   1988թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989թ.` Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաև Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: