Լույս է տեսել Ահմադու Կուրումայի «Վայրի կենդանիների քվեարկությանը սպասելիս» գիրքը

ahmadu kuruma
    Օրերս Նունե Աբրահամյանի թարգմանությամբ լույս է տեսել կոտդիվուարցի գրող Ահմադու Կուրումայի «Վայրի կենդանիների քվեարկությանը սպասելիս» գիրքը: Ստորև ներկայացնում ենք թարգմանչի կողմից գրված առաջաբանը:


     ԱՌԱՋԱԲԱՆ

    «Վայրի կենդանիների քվեարկությանը սպասելիս»-ը կոտդիվուարցի արձակագիր Ահմադու Կուրումայի երրորդ վեպն է: Մինչ այդ լույս էր տեսել նրա առաջին՝ «Անկախության արևներ» վեպը (1968), որում Կուրուման քննադատական հայացքով անդրադարձել էր հետգաղութային Աֆրիկայում հաստատված վարչակարգերին, իսկ այնուհետև՝ «Մոննե, անարգանք և մարտահրավերներ» վեպը (1990), որն անդրադառնում էր Աֆրիկայի գաղութացման պատմությանը: «Վայրի կենդանիների քվեարկությանը սպասելիս» վեպի գլխավոր կերպարի՝ նախագահ Կոյագայի նախատիպը Տոգոյի նախագահ-բռնապետ Էյադեմա Գնասինգբեն է, որը Տոգոյում իշխել է երեսունութ տարի՝ 1967-ից մինչև 2005 թվականը և որի մահից հետո Տոգոյի նախագահ է դարձել որդին՝ Ֆոր Գնասինգբեն: Վեպն անդրադառնում է Սառը պատերազմի ժամանակաշրջանում Երրորդ աշխարհի մաս կազմող Աֆրիկայի բռնապետական վարչակարգերին, Արևմուտքի և սոցիալիստական ճամբարի հետ նրանց հարաբերություններին: Վեպի գրեթե բոլոր աչքի ընկնող կերպարները իրենց իրական նախատիպերն ունեն: Եբենոսների Հանրապետության բռնապետ Տիեկորոնիի նախատիպը Կոտ դ՛Իվուարի նախագահ Ֆելիքս Հուֆուետ-Բուանյին է, Բոսումա կայսերը՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախկին ղեկավար, ինքն իրեն կայսր հռչակած Բոկասա Առաջինը, Ընձառյուծի տոտեմով բռնապետի նախատիպը՝ Կոնգոյի երկրորդ նախագահ Մոբուտուն: Նախագահ Ֆրիկասա Սանտոսի նախատիպը Տոգոյի առաջին նախագահ Սիլվանուս Օլիմպիոն է, որը սպանվել է երկրի անկախության հռչակումից երեք տարի անց՝ 1963-ին: Իր հարցազրույցներից մեկում Ահմադու Կուրուման ասում է. «Աֆրիկացի բռնապետներն իրականում իրենց պահում են ճիշտ այնպես, ինչպես իմ վեպում է նկարագրված: Իմ ներկայացրած փաստերից ու դեպքերից շատերը իրական են, բայց դրանք այնքան անհավատալի են, որ ընթերցողին վիպական հորինվածք են թվում»: Վավերագրական նման խտություն ապահովելով՝ Կուրուման բնականաբար ստանձնում է «վկայողի» դերը, որը վեպում մարմնավորված է սորա Բինգոյի և կորդուա Տիեկուրայի կերպարներով: Վեց գիշերապատումների ընթացքում վերջիններս ներկայացնում են նախագահ Կոյագայի և նրա մերձավորների կյանքի պատմությունը: Խնդիր ունենալով աֆրիկանացնել իր վեպի կառուցվածքը՝ Կուրուման դրանում ներմուծում է աֆրիկյան բանավոր պատումի ավանդույթին բնորոշ տարրեր՝ հաճախ խախտելով ուղիղ խոսքի մեջբերման կանոնները, անսպասելի անցումներ կատարելով ներկա և անցյալ ժամանակաձևերի միջև, ինչի արդյունքում սորա Բինգոյի և նրա աշակերտի՝ կորդուա Տիեկուրայի խոսքերը երբեմն միախառնվում են: Այնուամենայնիվ, եթե սորան ընդամենը ներկայացնում է փաստերն ու իրողությունները, Տիեկուրան, որը համարձակ, երբեմն նույնիսկ անպատկառ լինելու «պաշտոնական» արտոնությունն ունի, դրանց գնահատականներ է տալիս: Կորդուան ներկայանում է որպես եվրոպական պալատական ծաղրածուի աֆրիկյան համարժեք՝ այն ծաղրածուի, որը սովորաբար կառավարողներին ասում է ճշմարտությունը իրենց և իրենց իշխանության մասին: Այսինքն Տիեկուրայի քննադատող, հեգնական, երբեմն՝ ծաղրական խոսքը ոչ թե անտեղյակ բազմությանն ուղղված, բացահայտող և, ինչո՞ւ չէ, ընդվզման կոչող խոսք է, այլ նախատեսված է լավատեղյակ բռնապետի համար, որը, իր մերձավորների և վարպետ որսորդների հետ շրջան կազմած, ստիպված է լսել իր մասին ամենադառը ճշմարտությունները, որոնք գուցե փրկելու են իրեն:
    Սորայի և իր աշակերտի խոսքի այս երկակիությունը նաև վեպի հեղինակի՝ Կուրումայի գրողական կեցվածքին է բնորոշ: Ազգությամբ մալինկե Կուրուման, որը ստիպված է գրել նախկին գաղութարարի լեզվով, հետգաղութային գրականության շատ ներկայացուցիչների նման հայտնվում է սեփական, այս դեպքում՝ աֆրիկյան մշակույթին դավաճանածի, սեփական մշակույթն ու ազատագրված Աֆրիկան նախկին գաղութարարի լեզվով և վերջինիս գրականությանը հատուկ ժանրի՝ վեպի միջոցով քննադատողի դերում: Եվ եթե ոճական առումով փորձում է իրեն «արդարացնել»՝ վեպի ժանրն ու ֆրանսերենը ջարդելով ու աղավաղելով, կամ գոնե՝ իր այդ ցանկության մասին իր հարցազրույցներում հայտարարելով, ապա քաղաքական առումով Կուրուման իր «մեղքը քավում է»՝ երբեմն ակնարկելով, երբեմն էլ հստակորեն ներկայացնելով այն ուղիղ կամ անուղղակի կապը, որը գոյություն ունի իր ներկայացրած բռնապետական վարչակարգերի և նախկին գաղութարարի, նրա թողած ժառանգության միջև:
    Այնուամենայնիվ, վեպն ավելին է, քան ընդամենը հետգաղութային Աֆրիկայի վերլուծության մի փորձ: Աֆրիկյան ամենատարբեր ցեղերի ավանդույթների, հավատալիքների, սեռական սովորույթների իր՝ ազգագրագետին վայել իմացությունը հեղինակը վերածել է զարմանահրաշ մի պատմության՝ միաժամանակ ճշմարտացի, անողոք ու մոգական, ինչը սակայն չի խանգարի, որ հայ ընթերցողն այն կարդա նաև իր՝ հայկական իրականության դիտանկյունից և օգտագործի որպես հայելի հետխորհրդային Հայաստանին բնորոշ հասարակական և մշակութային շատ երևույթներ հետգաղութային համատեքստում երևակելու և իմաստավորելու համար:
                                                                                                                             Նունե Աբրահամյան
Գրքի պաշտոնական էջը ֆեյսուբուքում