«Լուսարձակի շող Հայաստան»

201216710
     Անահիտ Հովսփյան, Գերմանիա
    Դրեզդենի ֆիլհարմոնիկի նոր համերգաշրջանը բացահայտում է հայ երաժշտությունը

    Սեպտեմբերի 24-ին ժամը 19.30-ին Դրեզդենի ֆիլհարմոնիկը մեկնարկեց իր 2012-2013-ի համերգաշրջանը նոր վայրում` Ալբերտինում պալատում, որ 2010-ից ի վեր հայտնի է որպես ժամանակակից արվեստի կարեւոր պատկերասրահ: Շուրջ 1000 այցելուներ են ողջունել ֆիլհարմոնիայի` 2010-ին ընտրված գլխավոր դիրիժոր Միշայել Զանդերլինգի և թավջութակահար Յան Ֆոգլերի համերգը, որը, ըստ տեղական dresdeneins հեռուստաալիքի, անցել է մեծ հաջողությամբ: Վերջինն իհարկե պայմանավորված է նաև համերգային ծրագրով: Բեթհովենի, Շոստակովիչի երաժշտությունը շրջանակում են հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը: Նրա թավջութակի 4-րդ կոնցերտով էլ մեկնարկեց այս համերգաշրջանի նոր շարքը, որ կրում է «Լուսարձակի շող Հայաստան» վերնագիրը:

    «Շատ լավ է, որ ֆիլհարմոնիան դեպի առաջ է նայում, թեմաներ ընտրում հենց համերգաշրջանի բացմանը նաև, հեռուստաեթերից կարծիք է հայտնում հանրաճանաչ թավջութակահար Ֆոգլերը: Ֆիլհարմոնիան հանդիսատեսին հրավիրում է ճանապարհորդությանՙ նոր հնչյունների աշխարհ: Մանսուրյանի աշխարհը շատ հայկական է: Ես ռոմանտիկ եմ, բայց ինձ հետաքրքրում են նոր հնչյունները, որ կարող են շատ ծայրահեղ (էքստրեմ) լինել, ինչպես օրինակ Ջոն Քեյջի պարագայում է, կամ հարաբերականորեն պահպանողական, ինչպես Տիգրան Մանսուրյանի մոտ է, ամբողջովին արտահայտիչը լինելով մի այլ աշխարհի, այլ մշակույթի»:

    «Կարծում եմ, ոչ միայն հայ երաժշտության, այլև ընդհանրապես ինձ համար ամենատպավորիչը լուրջ երաժշտությունն է: Որպես մեկնաբանի իմ ուրախությունը պարտադիր չէ, որ պայմանավորված լինի ստեղծագործության բովանդակային ուրախությամբ»,- կարծիք է հայտնում գլխավոր դիրիժոր Միշայել Զանդերլինգը:

    «Ցավալի է իհարկե, որ Մանսուրյանի և հայ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ շատ հազվադեպ են Գերմանիայում հնչում, խոստովանում է հեռուստամեկնաբանըՙ հավելելովՙ մեզանում համեմատաբար ծանոթ են 1978-ին վախճանված Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները»: «Հայաստանըՙ որպես մշակութային հնամենի երկիր թեեւ շատ հեռու է, բայց իր քրիստոնեական ավանդույթով նույն ծագումն ունի, ինչ Միջին Եվրոպան, եւ չափազանց հետաքրքրական է լուսարձակը մի անգամ այդ երկրի վրա պահել», ասում է ֆիլհարմոնիայի գլխավոր դրամատուրգ դոկտոր Կարեն Կոփփը:

    Հայկական շարքի հաջորդ համերգը կկայանա սեպտեմբերի 29-ին ժամը 20-ին Դրեզդենի այցեքարտ Ֆրաուենքիրշեում: «Երաժշտությունը մարդու փիլիսոփայությունն ու հոգին է. Կոմիտաս» բնաբանով համերգին կհնչեն Կոմիտասի, Շնիտկեի, ամերիկացի Սեմյուիլ Բերբերի, Մանսուրյանի «Երգչախմբի համար Իսահակյանի խոսքերով գրված 3 երգը» և Էդվարդ Հայրապետյանի «Ինչ արբեցությամբ» Մեծարենցի ստեղծագործության հիման վրա լարայինների և երգչախմբի համար գրված երգերը: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած համերգի մենակատարը ջութակահար Միխայիլ Սիմոնյանն է: Ելույթ կունենա նաեւ Հայաստանի կամերային երգչախումբը` Ռոբերտ Մլքեյանի խմբավարությամբ:

    1986-ին Նովոսիբիրսկում հայ հորից, ռուս մորից ծնված Միխայիլ Սիմոնյանն իր մասին ասում էՙ հոգով 100 տոկոսով հայ եմ: Այժմ ապրում է Նյու Յորքում:

    Հայտնի փաստ է` Խաչատրյանն իր Ջութակի կոնցերտը նվիրել է Օյստրախին, երաժշտական քննադատները Սիմոնյանին հաճախ են հենց այս անվան հետ համեմատում:

    Հոկտեմբերի 13-ին ժամը 19.30-ին, իսկ 14-ին` ժամը 11-ին և 19.30-ին, Դրեզդենի Շտատցշաուշփիլհաուսի Մեծ դահլիճում կկայանա հայկական շարքի հաջորդ համերգը, որի բնաբանը Արամ Խաչատրյանի խոսքերն են. «Գուսաններն ու ժողովրդական երգը խոր հետք են թողել իմ հիշողության մեջ»: Դիրիժոր Միշայել Զանդերլինգի ղեկավարած համերգի մենակատարը Միխայիլ Սիմոնյանն է: Ծրագրումՙ Պրոկոֆեւ, Խաչատրյան, Դվորժակ:

    2013-ի փետրվարի 23, 24-ին ժամը 19.30-ին «Մարդկային բազմաշերտ կյանք. Խաչատրյան» բնաբանն ընտրած համերգին կհնչեն կոմպոզիտորի «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից հատվածներ: Դիրիժորը Յուրի Տեմիրկանովն է:
http://www.azg.am/AM/2012092722