Լուսանկարելիս կարևոր է որսալ բնավորությունը

Ara Gyuler
    Մի քանի որ առաջ՝ հունիսի 4-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ստամբուլահայ նկարիչ, «Ստամբուլի աչք», «դարի լուսանկարիչ» Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների «Բարև Ձեզ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:
    Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականին Պոլսում: Արա Գյուլերը աշխատել է «Ենի Իսթամպուլ» թերթում, «Hayat» ամսագրի խմբագրությունում, «Time Life»-ում՝ Թուքրիայի մասնաճյուղում և դառնում այդ հեղինակավոր հրատարակչության թղթակիցը Միջին Արևելքում: 1958 թվականին ստանձնում է Փարի Մաչ և Շթերն պարբերաթերթերի Մերձավոր արևելքի լուսանկարիչ-թղթակցի պաշտոնը: Նույն շրջանում դառնում է Մագնում աշխարհահռչակ գործակալության անդամ և թղթակից: 
    1961 թվականին անգլիական ամենամյա «Լուսանկարչական տարեգիրք» ամսագիրը նրան ներառել է աշխարհի յոթ լավագուն լուսանկարիչների ցանկի մեջ, իսկ ամերիկյան «Ամսագրերի լուսանկարիչների ընկերությունը» արվեստագետին ընտրել է իր միակ անդամը Թուրքիայից:  
ara-gyuler  Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարչի մոտ 100 աշխատանքներ,  այդ թվում Ուինսթոն Չերչիլի, Ինդիրա Գանդիի, Սալվասոր Դալիի, Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատրյանի, Դասթին Հոֆմանի, Սոֆի Լորենի, Բրիջիթ Բարդոյի և այլոց լուսանկարները, այնպես էլ Հայաստանի, Թուրքիայի, արտասահմանյան մի շարք երկրների տեսարժան վայրերը, մարդկանց ամենօրյա կենցաղը և այլ թեմատիկ լուսանկարներ:
    Լուսանկարիչը աշխատանքի բերումով շատ է ճանապարհորդել Հայաստանում, Միջին և Մերձավոր Արևելքի երկրներում՝ Հնդկաստանում, Բանգլադեշ, Բիրմա, Արևմուտքի երկրներում` ԱՄՆ, Ֆրանսիա և այլուր: Սակայն իր ամենագլխավոր թիրախը միշտ մնացել է Ստամբուլը: Այսօր քաղաքում ամեն ինչ այլ է, շատ բան է փոխվել և Գյուլերի լուսանկարներն արդեն ստացել են ոչ միայն գեղարվեստական, այլև պատմական իմաստ:
ara gyuler2  Արա Գյուլերն ասում է. «Լուսանկարչությամբ զբաղվեցի այն ժամանակ, երբ հասկացա, որ դրանով ավելի շատ բան կարող եմ տալ» և որ «մարդկանց լուսանկարելիս կարևոր է որսալ բնավորությունը, իսկ գեղեցկությունը կարևոր չէ, քանզի անցողիկ է»:           
 Ցուցահանդեսում ներառված բոլոր լուսանկարները Արա Գյուլերը մտադիր է նվիրել Հայաստանին:  
    Ցուցահանդեսը կգործի երեք ամիս:
 
Անի Հայկազուն
արվեստաբան