ԼՈՒԻՍ ՔԵՐՈԼԸ, ՈՒԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ

qerol-shekspir-exhibition
Այսօր Երևանի գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց «Պատկերազարդումների մրցույթ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին ակադեմիայի սաների` Լուիս Քերոլի և Ուիլյամ Շեքսպիրի գործերի հիման վրա ստեղծված աշխատանքները:

Երևանի և Գյումրու մասնաճյուղի սաները պատկերել էին Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» և Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Լիր արքա», «Օթելլո» ստեղծագործությունները:

«Շատ եմ սիրում «Ռոմեո և Ջուլիետը», բայց Օթելլոյի կերպարն ինձ շատ հոգեհարազատ է, որոշեցի պատկերել: Փորձել եմ հնարավորինս ընդգծել նրա զայրույթն ու խանդը Դեզդեմոնայի նկատմամբ»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Յունոնա Կիրակոսյանը: Յունոնան սովորում է ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի բաժնում: Երևանում ցուցադրվում է առաջին անգամ: Գրական գործերի հետ աշխատանքն աղջկան դուր է եկել: Պատրաստվում է պատկերել նաև Շեքսպիրի «Լիր արքան», Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»:

Վաչագան Ազատյանն այս տարի է ավարտել ակադեմիայի գրաֆիկայի բաժինը: Սիրում է նատյուրմորտ և ճեպանկար անել: Ցուցահանդեսին ներկայացել է «Մակբեթ» ողբերգությամբ: Ցանկանում է անդրադառնալ Շեքսպիրի, Գյոթեի բանաստեղծություններին: «Մշակութային կյանքն ակտիվ է Գյումրիում, բայց պայմաններն են մի քիչ սահմանափակ: Կուզեի, որ հորիզոնն ավելի լայն լիներ: Նկատի ունեմ` ցուցահանդեսներն ավելի շատ լինեին, ժողովուրդն ավելի շատ հետաքրքրվեր, հասկանար նկարիչներին»,- մեզ հետ զրույցում նշեց Վաչագանը:

«Պատկերազարդումների մրցույթ» ցուցահանդեսը կազմակերպվել է «Շեքսպիր- ակումբ» ասոցիացիայի կողմից: Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Նատալի Ջրյանի փոխանցմամբ` ցուցահանդեսը նվիրվում է Շեքսպիրի մահվան 400 և Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի 100-ամյակներին:

«Ուզում ենք ընդգրկել արվեստի տարբեր ճյուղեր, որպեսզի կարողանանք բացահայտել մեր տաղանդներին, աշխարհին ներկայանալ նրանցով, մեր մշակույթը համեմել համաշխարհային մշակույթով և ավելի հարստացնել այն»,- ասաց նա:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:


Աննա Կարապետյան