Լևոն Ֆլջյանի անհատական ցուցահանդեսը Երևանում

fljyan-cucahandes
    Հայաստանի Ամերիկյան համալսարանում փետրվարի 28-ին բացվեց գյումրեցի արվեստագետ Լևոն Ֆլջյանի «Pixel» խորագրով անհատական ցուցահանդեսը: Անհատական ցուցահանդեսներ Ֆլջյանը շատ է ունեցել, այնքան շատ, որ մեզ հետ զրույցում չկարողացավ հիշել, թե քանիսն են եղել:
    «Pixel» ֆորմատով Ֆլջյանը ներկայանում է արդեն երրորդ անգամ: Առաջին երկու ցուցահանդեսները տեղի են ունեցել Գյումրիում և Ֆրանսիայում: «Pixel»-ը տեխնիկական առումով համակարգչի, կետային լուսանկարչության և գեղանկարչության արդյունք է, իսկ հեղինակի խոսքերով՝ պատկերը հավաքելու հետաքրքրության արդյունք. «Չեմ կարող ասել, թե ինչու հենց «Pixel», դրան նույնքան դժվար է պատասխանել, որքան այն հարցին, թե ինչու եմ նկարում կամ ինչու եմ հենց այս կամ այն ձևով նկարում:Ուղղակի ստեղծագործական կյանքի այս շրջանում իմ արտահայման ձևը դա էր»:
   «Pixel»-ի գաղափարը Լևոն Ֆլջյանն իրագործել է այնպես, ինչպես համակարգչային Zoom In-ն ու Zoom Out-ը: Չնայած «Pixel»-ի երեք ցուցահանդեսները նույն ֆորմատով են իրականացվել, բայց դրանց թեմատիկան տարբեր է: Նկարիչ-արվեստագետի առաջին «Pixel»-ը թվային տեխնոլոգիաների և ռեալ կյանքի թեմային է անդրադարձել, երկրորդը` մարմնի ազատության և նախնիներից եկած ավանդույթների հակադրությանը: Այսօր բացված «Pixel 3»-ընդգրկում է հին Երևանը` իր բնակիչներով ու տարբեր տեսարաններով, կամ ինչպես նկարիչն է նշում «հնի հիշողությունների հետ խաղը»:
fljyan cucahandes erevan    Ֆլջյանի համար արվեստը լեզու է, որը խոսում է ամեն ինչից, նկարչությունն էլ իր լեզուն է. «Նկարչությամբ արտահայտում եմ այն մտքերը, որոնք ուզում եմ, դրանք տարբեր են կախված կոնտեքստից ու ժամանակից»: Իր երեք «Pixel»-ները մի օրում ցուցադրելու մասին նկարիչը դեռ չի մտածել, քանի որ թեմաները տարբեր են, բայց դրանք համատեղող ֆորմատ գտնելու դեպքում, խոստանում է չուշացնել ցուցահանդեսը: Մարտին «Pixel»-ի տեխնիկայով արված նկարներով Ֆլջյանը Հայաստանը կներկայացնի Ստամբուլում կայանալիք գեղանկարչության խնդիրներին նվիրված ցուցահանդեսում: Նկարչի «Pixel 3»-ի ցուցադրությունը Ամերիկյան համալսարանում բաց կլինի մինչև մայիսի 1-ը:
                                                                                                                                Աննա Կարապետյան