ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻԻ ԳԾԱՆԿԱՐԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ

Leonardo-da-Vinchi
    Վերածննդի շրջանի իտալացի գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչիի՝  նախորդ տարի հայտնաբերված  գծանկարը Ֆրանսիայի ազգային հարստություն է ճանաչվել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այս մասին հայտնել են Tajan աճուրդային տնից: Գծանկարը հայտնաբերելը ենթադրում է, որ այն այժմ մասնավոր սեփականատիրոջից ձեռք է բերելու Ֆրանսիան:
    Վարպետի այս աշխատանքը փորձագետների կողմից գնահատվում է  15 միլիոն եվրո:
    Դա Վինչիի վաղ շրջանի աշխատանքը  հայտնաբերվել է Tajan-ի փորձագետի կողմից, երբ նա ուսումնասիրել է գրաֆիկական աշխատանքներով մի թղթապանակ, որը նրան տրամադրել էր ֆրանսիացի մի բժիշկ վաճառք կազմակերպելու համար: Այդ աշխատանքները նա ժառանգություն էր ստացել հորից: Այդ թղթերի մեջ փորձագետը տեսել է Սուրբ Սեբաստիանի պատկերը: Մանրազնինն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ այն Սուրբ Սեբաստիանի՝  դա Վինչիի նկարած ութ պատկերներից մեկն է: Նախկինում այդ ութ գործերից հայտնի էին միայն երկուսը: Փորաձագետների կարծիքով աշխատանքն արված է մատիտով 1482-1485 թվականներին: Նրանք նաև պնդում են, որ գծանկարն արված է ձախ ձեռքով (դա Վինչին եղել է ձախլիկ):
    Tajan աճուրդային տնից հայտնել են, որ այդ աշխատանքը ձեռք բերելու շուրջ ներկայումս Լուվրի տնօրինության հետ բանակցություններ չեն վարվում: Լուվրն ունի սահմանափակ միջոցներ և հնարավորություն չունի  տրամադրելու 2 միլիոնից ավելի գումար: