ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԿՏԱՎԸ՝ ԱԲՈՒ ԴԱԲԻԻ ԼՈՒՎՐ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

0-0-00000010
 Ֆրանսիական Լուվր արվեստների թանգարանի՝ Աբու Դաբիում բացված առաջին մասնաճյուղն իր հավաքածուում կներառի Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը։ ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ նոյեմբերին աճուրդում այն վաճառվել է ռեկորդային 400 մլն դոլարով:

 «Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչն» ուղարկվում է Աբու Դաբիի Լուվր»,- նշված է թանգարանի պաշտոնական Twitter-ի էջում:

 Նոյեմբերի կեսերին նկարը վաճառվել է Նյու Յորքի Christie's աճուրդում: Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավներից մասնավոր հավաքածուում գտնվող միակ գործը դարձել է ոչ միայն հետպատերազմյան և ժամանակակից արվեստի, այլև ամբողջ 21-րդ դարի գլխավոր լոտը: Նշվում է նաև, որ աճուրդը տևել է կես ժամ, իսկ նկարը բաժին է հասել այն գնորդին, որն առաջարկել է 400 մլն դոլար: