ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ

amarayin-yntercanutyun
    Ամառային արձակուրդներն ավարտվեցին, «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը՝ նույնպես։ Ծրագրի 22 լավագույն ընթերցողների համար, սակայն, տոնը շարունակվում է։ Նրանք իրենց հետ տուն կտանեն հավաստագիր և «Ընթերցողի օրագիր», ակտիվ ընթերցողների խմբի հետ կդիտեն «Փիթր Փենը»։
    Ակամայից տոնի մասնակից են դարձել նաև լավագույն ընթերցողների դասընկերները։ Վեց ամիս շարունակ նրանք հնարավորություն կունենան դպրոցի գրադարանում օգտվել «Ամառային ընթերցանության» գրապահարան-տնակի գրքերից։ Եթե անցյալ տարի դրանք 19-ն էին, այս տարի արդեն՝ 30։
    646Ծրագիրն անց է կացվում արդեն երկրորդ անգամ։ Նախաձեռնողն ու իրականացնողը «Զանգակ» հրատարակչությունն է։ Հրատարակչության ծրագրերի ղեկավար Լեյլա Առաքելյանը նշեց, որ մասնակիցների թիվն ու հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ աճել են, շատ են նաև մարզերի մասնակիցները։  
    12-ամյա Կարենը ծրագրի մասին իմացել է պապիկից։ Կոտայքի մարզից է, սովորում է Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցում։ Հասցրել է կարդալ ծրագրում ընդգրկված բոլոր գրքերը։
    «Երեք ամիս ժամանակ ունեի, դրա համար արագ-արագ կարդացի»,-մեզ հետ զրույցում ասաց նա։
    Սիրում է կարդալ Թումանյանի, Չարենցի բանաստեղծությունները, իսկ «Ամառային ընթերցանությունից» ամենաշատը «Փիթր Փենն» է հավանել․ «Փիթրը և Վենդին շատ ուրախ ընկերներ են, արկածներ են ունենում, նաև մարտնչում»։
    627Երանուհին և Արամը Երևանի Լ․ Տոլստոյի անվան հ․128 դպրոցի աշակերտներ են։ Երկուսն էլ լավագույն ընթերցողներ։ Երանուհին ծրագրին մասնակցում է զարմիկի և ընկերուհիների հետ։ Նրան դուր են եկել հատկապես ծրագրի ընթացքում կազմակերպված միջոցառումները։
    «Մի անգամ գրքերից մեկի թարգմանչուհին հատվածներ էր բերել։ Մենք պետք է գիրքը չկարդացած կարողանայինք հատվածներն իրար միացնել։ Սխալներ էլ կային, բայց վատ չէր ստացվել»,-պատմում է Երանուհին։
    «Գրքերից տասներեքը անցած տարի էի կարդացել։ Այս տարի շարունակեցի կարդալ  մյուս գրքերը։ Ամենաշատը «Կոնրադն» եմ հավանել։ Շատ ծիծաղելի պատմություն է։ Կոնրադը շատ խելացի էր և դպրոցում սովորում էր գերազանց, բոլորից տարբերվում էր։ Ընկերներից մեկն ասում էր՝ այդքան խելոք մի եղիր, չարաճճիություններ արա»,-պատմում է Արամը։
Աննա Կարապետյան