l

Daric dar
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստան է բերվել հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի «Դարից դար» կտավը, որը ցեղասպանությանը նվիրված առաջին ստեղծագործությունն է: Այն առաջին անգամ ցուցադրվել է հենց 1915թ.-ին Ռոստովի նկարիչների միության տանը:         
     Ցուցադրությունից հետո երկար տարիներ կտավը մոռացության է մատնվել: Այժմ կտավը Հայաստանում է վերականգնման նպատակով: «Դարից դարը» Հայաստան բերելը հնարավոր է դարձել Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի ջանքերով Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:
Կտավը վերականգնելու պատասխանատու աշխատանքն իրականացնելու է Իգոր Պողոսյանը: Cultural.am-ի հետ զրույցում պարոն Պողոսյանը պատմեց կտավի հետ իր առաջին ծանոթության մասին. ««Դարից դար» կտավն առաջին անգամ տեսել եմ 3-4 ամիս առաջ, երբ հայ համայնքի հրավերով Ռոստով էի մեկնել: Կտավը չափազանց վատ վիճակում է գտնվում, շատ աշխատանք կա անելու: Ամենաքիչը երեք-չորս ամիս է պետք, բայց մենք կաշխատենք երկու ամսում ավարտել: Կտավների վերականգնումը մեր ամենօրյա աշխատանքն է. վերականգնել ենք նաև Այվազովսկու, Սարյանի և այլ մեծերի կտավներ»:
   Կտավի վերականգնման աշխատանքները նախատեսում են ավարտել մինչև ապրիլ: «Դարից դարը» կցուցադրվի Ազգային պատկերասրահում, այնուհետև` ԵՊՀ թանգարանում, ինչից հետո այն կվերադարձվի Ռոստով` Ռուս-հայկական բարեկամության թանգարան:

Ակիմ Ավանեսովը (1883-1966թթ.) ծնվել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Նոր Նախիջևանում: Հաճախել է տեղի հայկական հոգևոր վարժարանը: Եղել է Դոնի Ռոստովի Նկարիչների միության առաջին նախագահը: Բազմաթիվ կտավների հեղինակ է: Հայոց Ցեղասպանությանն են նվիրված նկարչի «Դարից դար» և «Մայրը» կտավները:

                                                                                                                             
Աննա Կարապետյան