«ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՔ է ԱՊՐԻ»

opera-nor-xekavar
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը հանդիպել է լրագրողների հետ

Cultural.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հրամանով թատրոնի  գեղարվեստական ղեկավար է նշանակվել դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը։

Օպերային թատրոնի տնօրենն ու նորանշանակ գեղարվեստական ղեկավարն այսօր հանդիպել են լրագրողների հետ։

«Մաեստրո Օրբելյանը համաշխարհային համբավ ունեցող երաժիշտ  է։ Մեզ համար մեծ պատիվ է, որ նա ընդունեց մեր հրավերը և ղեկավարելու է օպերային թատրոնի ստեղծագործական ամենակարևոր օղակը։

Շատ եմ ասել, որ թատրոնին անպայման գեղարվեստական ղեկավար է պետք։ Ցավում եմ, որ նախկին գեղարվեստական ղեկավարը՝ Գեղամ Գրիգորյանը, այդպես անսպասելի մեզ բոլորիս ցավ պատճառեց, բայց կյանքը շարունակվում է, թատրոնը պետք է ապրի»,- ասաց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը։

«Անընդհատ հարցնում են՝ ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք անելու, ասում եմ՝ համբերեք, համբերեք, ես նոր-նոր բացում եմ թատրոնի դռները, ծանոթանում արտիստների հետ։ Մեծ տաղանդներ են, հրաշալի ձայներ, երգիչներ, որոնք իրենց կյանքն են նվիրում այս թատրոնին։ Կծանոթանանք, այնուհետև կորոշենք՝ ինչ նոր բեմադրություններ ենք անելու»,- նշեց Կոնստանտին Օրբելյանը։

Անդրադառնալով ՌԴ-ում իր զբաղվածությանը՝ թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարն ասաց, որ առաջիկա մի տարում օպերային թատրոնի աշխատանքներին կմասնակցի հեռակա կարգով, հավատարիմ գործընկերներն իրեն կօգնեն, այնուհետև աշխատանքները կընթանան իրենց բնականոն հունով։

«Երբ մարդ ուզում է ինչ-որ բան անել, նա գտնում է անհրաժեշտ ժամանակ դրա համար»,- ընդգծեց նա։

Աննա Կարապետյան