Կյանքից հեռացել է նկարիչ Հենրիկ Մամյանը

henrik mamyan

   Հուլիսի 17-ին 80 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Արամի Մամյանը:

   Հենրիկ Մամյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 24-ին Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1953 թ.), այնուհետեւ` Երևանի թատերական ինստիտուտը (1959 թ.):

   Հենրիկ Մամյանը ճանաչված եւ սիրված արվեստագետ էր, մանկավարժական աշխատանքի մեծ փորձ ունեցող հմուտ մասնագետ: 1960թ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական, գեղարվեստաթատերական ինստիտուտներում, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում` 1991-2006 թթ. «Գծանկարի, գունանկարի և քանդակի» ամբիոնի վարիչ էր, մինչեւ օրս՝ ամբիոնի պրոֆեսոր:

   Հ. Մամյանը ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի ոլորտում: Գրքի նրա ձեւավորումներից են Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» (1968-77 թթ.), Լևոն Շանթի «Հին աստվածներ» (1969-74 թթ.), Դանիել Վարուժանի «Հարճը» (1979 թ.), Աստվածաշունչ մատյանից՝ «Երգ երգոց Սողոմոնի» (1992 թ.), Ավ. Իսահակյանի «Աբու-լալա Մահարի» (1987 թ.), Հովհ. Թումանյանի «Անուշ» (1987-2005 թթ.), «Գիրք Դավիթ Սաղմոսացի» (2003-2004 թթ.) և այլն:

   Հաստոցային գրաֆիկական գործերից են «Ձմեռ» (1981 թ.), «Լուսին» (1983 թ.), «Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը (1996 թ.):

   Հեղինակ է նաեւ բազմաթիվ մատենանիշերի, մոնումենտալ եւ բնագիր աշխատանքների (Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Հ. Մինասյանի եւ Գ. Խանջյանի «Վարդանանք» եռանկարի երրորդ մասի որմնանկարները` Երեւանի Կասկադում):

   Նկարիչը բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Բաքվում (1975 թ.), Կիրովականում (1980 թ.), Գյումրիում, Երևանում (1981 թ., 1985 թ., 2004 թ.), Վարշավայում (1984 թ.), Բելգրադում (1991 թ.) եւ այլուր:

   Հենրիկ Մամյանի արվեստին բնորոշ են բարձր պրոֆեսիոնալիզմը, ազգային եւ համաշխարհային ավանդույթների ստեղծագործական վերաիմաստավորումը:

   Հենրիկ Մամյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հուլիսի 19-ին, Հայաստանի նկարիչների միության շենքում` ժամը 12:00-14:00: Հուղարկավորությունը՝ Երեւանի քաղաքային պանթեոնում: