«Կյանքից դեպի արվեստ»

cucahandes
  Ապրիլի 22-ին, Գյումրիի «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի» թանգարանում տեղի ունեցավ նորարարական ցուցահանդես: Ցուցահանդեսը անցկացվում էր «Կյանքից դեպի արվեստ» խորագիրը կրող մշակութային աշխատաժողովի շրջանակներում: Թանգարանը լեփ-լեցուն էր` մասնակիցներ, լրագրողներ, թանգարանի աշխատակիցներ և, որ ամենակարևորն է, աշխատաժողովով հետաքրքրված անձինք: Պատերից կախված էին լրիվ թարմ աշխատանքներ` օրագրեր, բացիկներ, թեմատիկ պաստառներ և վիդեո-պրեզենտացիա: Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի 21 երիտասարդներ, որ արդեն 10 օր է, ինչ Գյումրիում էին, հասցրել էին ծանոթանալ քաղաքին, թանգարաններին, ցուցանմուշներին ու պատրաստել իրենց սեփականը: Աշխատանքները ներկայացնում էին Գյումրի քաղաքն իր անցյալով, պատմությամբ ու ներկայով («Գյումրիի թանգարանի բնակիչները», «Գյումրու երկաթգծի աշխատողը», «Գյումրու արևային օրը», «Ես Գյումրիի կենտրոնում», «Գյումրին իմ աչքերով», «Ջուր-ջուր», «Կումայրիի ճանապարհին», «Գյումրիի ճոխ նորաևությունը», «Գյումրին կավի մեջ»),տարբեր մարդկանց կյանքն ու արտաքինը ընդհանրապես («Կենդանի սապիեն», «Գալարավոր ստամոքս», «Արհեստավորների նորություններ», «Հիշողություն», «Զգացողություններ»), բացիկներ տարբեր թեմաներով («Կարպետներ», «Բարի գալուստ Գյումրու թանգարան», «Գյումրու խորհրդանիշը», «Արտ պլան Գյումրի», ինչպես նաև «Ուրախ էվոլյուցիա», «Տարվա 4 եղանակները»):
cucahandes1 67581 552435164808316 1433216945 n 375967 552435168141649 925124864 n 
     Իրար նմանվող աշխատանքներ չկային. ամեն մեկն իր գործը յուրովի էր արել, կային նաև թիմային աշխատանքներ: Հենց դահլիճ մտնելիս դեմ դիմաց «Զգացողություններ»-ն էր` տարբեր մարդկանց աչքեր, ականջներ, դրանցից ձախ` լիքը տարրաներ, որոնց մեջ մասնակիցները հավաքել էին ջուր Գյումրիի տարբեր գետերից, աղբյուրներից: Մասնակիցներից հատկապես աչքի ընկավ Օլգա Նովիկովան (Ուկրաինա): Աղջիկը որոշել էր իր դերով փոխվել գյումրեցիների հետ: Լինելով նկարչուհի` շուկայի աշխատողների, տաքսու վարորդների, պատահական անցորդների խնդրել էր նկարել իրեն, իսկ ինքը զբաղեցրել էր նրանց տեղն ու կատարել աշխատանքը: Իր օրագիրը ներկայացնելիս Օլգան մեզ ցույց տվեց այդ նկարները, որոշների կողքին գյումրեցիները գրել էին նաև մաղթանքներ: Այն նկարները, որոնց հետ կապված հիշողություն ուներ, Օլգան ինքն էր մեկնաբանել: Ի դեպ, նա միակ մասնակիցն էր, որ աշխատում էր նաև ցուցահանդեսի ընթացքում: Մինչև իր ներկայանալու հերթը կգար, Օլգան մոտենում էր այցելուներին ու խնդրում նկարել իրեն և թողնել ինքնագիր: Ինձ էլ նույնը առաջարկեց: Չնայած որ նկարելուց շատ հեռու եմ, չմերժեցի, բայց ստացվեց Օլգայի հետ անհամեմատելի մեկը: Աշխատաժողովի ավարտին անակնկալի եկա, երբ ցուցատախտակին տեսա նաև իմ «նկարածը»:
                                                                                                                             Աննա Կարապետյան