«ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ»․ՎԵՊ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

kyanq-u-kriv-2
 «Կյանք ու կռիվ» ֆիլմի հաջողությունից ընդամենը մի քանի ամիս անց էկրաններին է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը: Հունվարի 27-ից այն կարող եք դիտել քաղաքի բոլոր կինոթատրոններում:

Նախօրեին «Կինոպարկ»-ում լրատվամիջոցների համար կազմակերպվել էր հատուկ ցուցադրություն, որին ներկա էր նաև Cultural.am–ը:

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Մհեր Մկրտչյանն է: Ներգրավված են դերասաններ Նարինե Գրիգորյանը, Բաբկեն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Շանթ Հովհաննիսյանը, Արծրուն Չոբանյանը և այլք:

«Ես սիրել եմ սցենարը, սիրել եմ իմ դերը: Հետաքրքիր ու հաճելի էր աշխատել, նաև  շատ պատասխանատու, որովհետև կար նախորդ ֆիլմը, որն ուներ հաջողություն, կերպարներ, որ արդեն սիրելի էին, ճանաչելի, մեր աշխատանքով գոնե պիտի չխանգարեինք նրանց փառքին, իսկ եթե ավելի լուրջ, պետք էր այդ գիծը պահել, տեղ հասցնել երկրորդ ֆիլմի միտքն ու իմաստը»,- կինոդիտմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դերասան Բաբկեն Չոբանյանը:

Եթե նախորդ ֆիլմում հանդիսատեսի բացահայտումը Սամվել Թադևոսյանն էր, «Կյանք ու կռիվ 2»-ում կարող է լինել Արծրուն Չոբանյանը:

Արծրունն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  թատերական ֆակուլտետի դերասանական բաժինը՝ Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցը: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան է: Առաջին անգամ է մասնակցում նման մեծ նախագծի:

Cultural.am-ի հետ զրույցում Արծրունը նշեց, որ հաճույքով է աշխատում և թատրոնում, և կինոյում։

«Նախագծեր են լինում, նկարահանվում ես, ինչ-որ ժամանակահատված դադար ես ունենում, հետո նորից, այդ ընթացքում կարող է ինչ-որ բան հասունանալ՝ մի տեղ լիներ, գնայինք, նկարվեինք․ հաճելի պրոցես է, որը կարոտում ես։

Քանի որ թատրոնում ավելի շատ ես աշխատում՝ համարյա ամեն օր, այն քո մի մասն է դառնում, էության պես մի բան։ Ապրում ես այդ ամենով»,- ասաց նա։

Բեմ դուրս գալիս կամ տեսախցիկի առջև չի հուզվում։ Ասում է՝ աշխատանքային պրոցես է, պետք է այնքան փորձես, մինչև ստացվի։ Հիմա էլ փորձերի է թատրոնում։ Բեմադրում են Մհեր Մկրտչյանի «Փշրված պատրանքների գիշեր» պիեսը։

«Կյանք ու կռիվ» և «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմերի սցենարների հիման վրա արդեն վեպ է գրվում։ Հեղինակը արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն է։ Վեպը լույս է ընծայելու «Զանգակ» հրատարակչությունը։ Խմբագիրը գրականագետ  Հայկ Համբարձումյանն է։

«Հաշվի առնելով ֆիլմում արծարծվող հարցերը, որոնք շատ կարևոր են մեր անկախության շրջանի համար, ինչպես նաև ֆիլմի մեծ հաջողությունն ու հետաքրքրությունը, Մհեր Մկրտչյանի սցենարի՝ գրական տեքստի վերածվելու ներուժը՝ որոշեցինք նման նախաձեռնությամբ հանդես գալ և ստեղծել վեպ:

Երկար քննարկումներ արեցինք գրական դաշտի ներկայացուցիչների հետ: Դժվար էր ընտրել այն մեկին, ով կկարողանար հարազատ մնալ սցենարին, միաժամանակ ինքնուրույն գրական ստեղծագործություն գրել»,- Cultural.am-ին փոխանցեց գրականագետը։

Վեպը հավատարիմ կմնա ֆիլմերի սյուժեներին, գործող կերպարները կպահպանվեն, սակայն այն չի լինի սցենարի կրկնօրինակը։ Անկախության տարիների իրականությունն ամբողջացնելու համար արձակագիր Գուրգեն Խանջյանը իրադարձությունները ներկայացրել է հասարակական-քաղաքական ֆոնի վրա։

Ամենայն հավանականությամբ վեպը լույս կտեսնի մայիսի սկզբին։

Աննա Կարապետյան