Կրկնակի տոն Կուլտուրայի ֆակուլտետում

Kultura3
   Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում այսօր կրկնակի տոն էր: Ֆակուլտետում բացվեց ուսումնական ստուդիա և հեռուստալրագրության լսարան: Ստուդիան և լսարանը անվանակոչվեցին անվանի հեռուստալրագրողներ` Արմեն Հովհաննիսյանի և Ստեփան Պողոսյանի անուններով: Ստուդիայի սրահները հագեցած են համակարգչային տեխնիկայով և ունեն տեսաձայնամոնտաժման հնարավորություններ: Կուլտուրայի ֆակուլտետի նախաձեռնությունը հովանավորել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Բարսեղ Բեգլարյանը: Լսարանների բացման արարողությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար, Ստեփան Պողոսյանի դուստր Հասմիկ Պողոսյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ: Վերջիններս հատկապես ոգևորված էին, քանի որ վերջապես ունեն համապատասխան տեխնիկա որակյալ մասնագիտացում ձեռք բերելու համար: Ստեփան Պողոսյանն ու Արմեն Հովհաննիսյանը եզակի անուններ են եղել և կան հայ հեռուստալրագրության ասպարեզում: Նրանք ոչ միայն հաջողության են հասել իրենց բնագավառում, այլև կերտել են ամբողջական համակարգեր` Ստեփան Պողոսյանը լրագրության, հայագիտության, նորագույն պատմության մեջ, Արմեն Հովհաննիսյանը` լրագրության, գրականության, ինչպես նաև հրապարակախոսության ու թարգմանչության գործում: Նշենք, որ Ստ. Պողոսյանի հեղինակած գրքերը նրա ընտանիքը նվիրաբերել է հեռուստալրագրության լսարանին:
    Ստեփան Պողոսյանին պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը բնութագրում է որպես յուրահատուկ մարդ և ազգային գործիչ, որը նման չէր մյուսներին. «Նույնիսկ տարածության ու ժամանակի հեռավորությունից զգում ենք նրա մեծությունը»:
    Համալսարանի ռեկտոր պարոն Միրզախանյանն էլ հավելեց, որ Ստեփան Պողոսյանը կայացրել է մեզ` մնալով ուսուցիչ ինչպես պատմաբանների, այնպես էլ հեռուստալրագրողների համար: Ռեկտորը հատկապես կարևորեց Պողոսյանի եռահատոր աշխատությունը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնին. «Նման գիրք դեռ չի գրվել: Ստեփան Պողոսյանը ընդգրկել է այնպիսի նյութեր, որոնք միայն իր գրքում կգտնենք իր խորիմաստ վերլուծություններով»: Անդրադառնալով Արմեն Հովհաննիսյանին` պարոն Միրզախանյանը ժպիտով ասաց. «Մենք հպարտ ենք, որ մինչև իր կյանքի վերջը Արմեն Հովհաննիսյանը մնաց Կուլտուրայի ֆակուլտետի պրոֆեսոր »:
   Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Հանրային հեռուստատեսության երկար տարիների աշխատակից, լրագրող Ջուլիետ Կաժոյանը, ով բախտ է ունեցել ճանաչել և´ Ստեփան Պողոսյանին, և´ Արմեն Հովհաննիսյանին. «Աշխատել եմ նրանց հետ, վայելել եմ նրանց հարգանքը, եթե չասեմ սերը: Եթե ինձ հարցնեն, թե իմ ողջ քառասունհինգ տարիների աշխատանքի ընթացքում ովքեր են այն նշանակալի մարդիկ, ովքեր մեծ հետք են թողել իմ կյանքի և ստեղծագործական գործունեության վրա, ես կասեմ, որ հենց Ստեփան Պողոսյանը և Արմեն Հովհաննիսյանը: Նրանց հետ շփումներն ինձ հարստացրել են. մնացած  ողջ կյանքի ընթացքում նրանց հուշը, նրանց ներկայությունը, ոգին և պայծառությունը կուղեկցեն ինձ»:
                                                                                                              Աննա Կարապետյան