Կոմպոզիտոր Վիլլի Վայների երաժշտությունը հնչեց Իսրայելում

Willy Weiner
    Փետրվարին Երուսաղեմում տեղի ունեցան հրեա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայների համերգները:
    2011 թվականին ՀՀ Մշակույթի նախարարության պետպատվերով «Մշակույթի միջոցով դեպի հանդուրժողականություն» ծրագրի շրջանակներում տպագրվել էր կոմպոզիտորի «Դաշնամուրային պիեսներ « in C»» նոտաների ժողովածուն: Հրատարակությունը նվիրված էր Հայաստանի անկախության և հրեական համայնքի գործունեության 20-ամյակին:
    Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ստեփանակերտում տեղի ունեցած շնորհանդեսներից հետո Վիլլի Վայների ժողովածուն ներկայացվեց Երուսաղեմի երաժշտության և պարի ակադեմիայի «Նավոն» համերգասրահում, ինչպես նաև Երուսաղեմից 8կմ արևելք՝ Հուդայական անապատում, տեղակայված հինավուրց Մաալե-Ադումիմ քաղաքի կոնսերվատորիայի նոր համերգասրահում:
    Վիլլի Վայների ստեղծագործությունները կատարեց ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը:
    Համերգները կազմակերպել էր Երուսաղեմի երաժշտության և պարի ակադեմիան Երուսաղեմի քաղաքապետարանի, ՀՀ Մշակույթի նախարարության, Երևանի պետական կոնսերվատորիայի և Հայաստանում հրեական «Մենորա» կենտրոնի հետ համատեղ: Գլխավոր պրոդյուսերն էր Ալբերտ Շուբաևը, Գաղափարի հեղինակը և նախագծի գեղարվեստական ղեկավարը՝ Հայաստանում հրեական «Մենորա» կենտրոնի փոխնախագահ Արմեն Արնաուտովը:
    Վիլլի Վայների ստեղծագործությունները ջերմ ընդունելության արժանացան հրեա հանդիսատեղի կողմից: Դաշնամուրային պիեսների կողքին երկու համերգների ավարտին առաջին անգամ հնչեց Վ. Վայների «Իմ ժողովուրդը» հրեական ռապսոդիան (ջութակ՝ Մոտի Շմիտտ, դաշնամուր՝ Վերա Պրոկոպովիչ):
    Պետք է նշել, որ Վիլլի Վայների համերգները տեղի են ունեցել կոմպոզիտորի անմիջական մասնակցությամբ:
    Մաալե-Ադումիմի համերգը բացեց փոխքաղաքապետ Բորիս Գրոսմանը, որն իր խոսքում նշեցի միջոցառման կարևորությունը և մաղթեց, որ մաեստրոյի ստեղծագործությունները հաճախ հնչեն հրեա երաժիշտների կատարմամբ:
    Կոնսերվատորիայի ռեկտոր պրոֆեսոր Բինյամին Շապիրան իր հիացմունքը հայտնեց Վիլլի Վայների երաժշտության և Ա. Ներսիսյանի կատարման վերաբերյալ: Համերգի գեղարվեստական բարձր մակարդակի և կոնսերվատորիային դաշնամուային պիեսների օրինակներ նվիրելու համար նա Ա. Արնաուտովին հանձնեց շնորհակալական նամակ:
    Երկրորդ համերգը արդեն Երուսաղեմի ակադեմիայում բացեց Երուսաղեմի փոխքաղաքապետ Մաշա Նովիկովան՝ իրենց հյուրերին մաղթելով նոր համերգներ Երուսաղեմում: Համերգից հետո Մ. Նովիկովան Վ. Վայներին և Ա. Արնաուտովին հրավիրեց քաղաքապետարան, որտեղ նրանց հանձնեց պաշտոնական շնորհակալական նամակ՝ ուղղված ՀՀ Մշակույթի նախարարությանը:
    Վ. Վայների և Ա. Արնաուտովի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ երկու հաղորդում հրեական ամենահեղինակավոր ռադիոկայաններից մեկում: Նրանցից մեկը նվիրված էր Իսրայելում մաեստրոյի համերգներին և Հայաստանում հրեական մշակութային կյանքին, իսկ մյուսը՝ կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործական ուղուն: Եթերում հնչեցին նրա՝ նվագախմբի համար գրված ստեղծագործությունները:
    Վ. Վայները նաև ջերմ հանդիպում ունեցավ Երուսաղեմի ակադեմիայի ռեկտոր, կոմպոզիտոր Ինամ Լիֆի և Թել Ավիվի Երաժշտության բարձրագույն դպրոցի ռեկտոր, հայտնի դիրիժոր Զեև Դորմանի հետ: Կոմպոզիտորը նրանց հանձնեց Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնական նամակները՝ մշակութային կապեր ստեղծելու նպատակով:
   Երուսաղեմի համերգներից հետո արդեն ապրիլին դաշնամուրային պիեսների շնորհանդեսը տեղի կունենա Գերմանիայի ամենամեծ կոնսերվատորիաներից մեկում՝ Քյոլնի երաժշտական ակադեմիայում: