ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՊԱՏԱՐԱԳԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ՝ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՐԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

estonian-male-choir-2
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում նախօրեին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Գրեմմիի և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների արժանացած Էստոնիայի ազգային արական երգչախմբի համերգը:

«Մեր համերգային ծրագրում ներառված են տարբեր ժանրերի ստեղծագործություններ, կատարելու ենք էստոնական մի քանի ազգային ստեղծագործություններ, առաջին բաժնում՝ նաև Կոմիտաս: Ինչ վերաբերում է Կոմիտասին, ապա մենք չգիտենք, թե ինչպես է ճիշտ այն կատարել: Համացանցում որոշ ձայնագրություններ ենք լսել, նաև Էստոնիայում բնակվող հայ երգչուհուց ենք ճշտել, թե ինչպես ավելի ճիշտ կլինի մատուցել»,- լրագրողներին ասաց գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Միկ Ուլեոյանը:

Միկ Ուլեոյանի խոսքով՝ Հայաստանում արդեն երկրորդ անգամ հյուրընկալվող երգչախմբի անդամներին շատ է գրավել հայ հանդիսատեսը: «Հայաստան այցելել էինք 3 տարի առաջ և կարելի է ասել որոշակի փորձառություն ունենք: Շատ տպավորված ենք հատկապես Վանաձոր քաղաքից: Երեկ մենք ելույթ ունեցանք նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, իսկապես խորը և ազդեցիկ էր, անչափ տպավորված ենք»,- ասաց նա:

Երգչախումբը կատարեց  Մարտ Սաարի, Ալեքսանդեր Լաատեի, Կոնստանտին Տուուրնպուի, Գեյվին Բրայարսի, Հենրիկ Օդեգաարդի, Ջովանի Բոնատոի, Գալինա Գրիգորևայի, Ջեյմս Մաքմիլանի, Միխաել Պերտորիուսի ստեղծագործություններից: Իսկ Կոմիտասյան պատարագի հատվածները հանդիսատեսն առանձնակի ջերմությամբ ընդունեց: 

Նշենք, որ 1944 թվականին հիմնադրված Էստոնական ազգային արական երգչախմբին և դիրիժորին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը միջազգային հարթակում լավագույնս ներկայացնելու, ինչպես նաև հայանպաստ գործունեություն ծավալելու համար ՀՀ մշակույթի նախարարությունը պարգևատրել է ոսկե մեդալով:

Ալինա Նահապետյան