«ԿՈՄԻՏԱՍ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

komitas-paraton
 «Մեծ նշանակություն եմ տալիս այս միջազգային փառատոնին, որովհետև ոչ միայն մեկ անգամ ևս պետք է շեշտվի Կոմիտասը որպես հայ ժողովրդի սիմվոլ, այլև օտարները պիտի կարողանան իրենց մեկնությունը տալ՝ ինչով են առնչվել կամ ինչպես են հասկանում, պատկերացնում Կոմիտաս արվեստագետին, ազգագրագետին, խմբավարին, մանկավարժին, երգչին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կոմիտաս» միջազգային փառատոնի կազմկոմիտեի անդամ Դավիթ Ղազարյանը։

Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 26-ից (Կոմիտասի ծննդյան օրն է,-հեղ․) հոկտեմբերի 8-ը։ Այս օրերին հայաստանցի կատարողները Ճապոնիայից և Ֆրանսիայից ժամանած հյուրերի հետ համերգներով հանդես կգան ինչպես Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, այնպես էլ Արամ Խաչատրյան համերգասրահում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Հաղպատի վանական համալիրում։

Նախատեսված են վոկալ, դաշնամուրային երաժշտության երեկոներ։ Ելույթներով հանդես կգան Հայաստանի պետական կամերային (գեղ. ղեկ. և դիրիժոր Ռ. Մլքեյան), Հայաստանի ազգային ակադեմիական (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Չեքիջյան) երգչախմբերը, Ճապոնական «Նոհ» միջնադարյան թատրոնը։

Փառատոնի շրջանակներում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, այնուհետև Հաղպատի վանական համալիրում սեպտեմբերի  27-29-ը կանցկացվի «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագրով գիտաժողով։

«Հաղպատը միջնադարյան Հայաստանի խոշորագույն մշակութային կենտրոններից մեկն է։ Հուսանք, որ այսպիսի ձեռնարկներով մեր միջնադարյան կենտրոններին կկարողանանք վերադարձնել իրենց երբեմնի փառքը, ինչու ոչ զուտ գիտական նշանակությունը»,- նշում է «Կոմիտաս» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը։

Գիտաժողովի շրջանակներում Կոմիտասին, նրա գործունեությանը, ժամանակաշրջանին, ինչպես նաև միջնադարյան երաժշտությանը նվիրված զեկուցումներով հանդես կգան ինչպես հայ, այնպես էլ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կիպրոսից և Ռուսաստանից եկած անվանի մասնագետներ, կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Կոմիտասը և XX դարի արևմտյան երաժշտությունը», «Կոմիտասը և ազգային երաժշտական ինքնության խնդիրները»,  «Կոմիտասի պարային ժառանգությունը», «Կոմիտաս վարդապետը և խազային նոտագրության համակարգը», «Կոմիտաս, Պերոտին և Հիլդեգարդ․հայ երաժշտության ծրագրավորումը ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի հնագույն երաժշտության անսամբլներում»։

«Կոմիտասը էությամբ հարազատ մնաց իր ժողովրդին, դաշտի միջից հավաքեց այն ծաղիկները, որ միայն հայկական էին։ Ցավով պիտի հայտնեմ, որ այսօր շատ մշակումներ կան, որոնք մեծ մասամբ անհաջող են, և մեր գիտաժողովը պետք է անդրադառնա այդ հարցին։

Ես դեմ չեմ մշակումներին, բայց անպայման պիտի լինեն շատ արժեքավոր, իրեն համապատասխան։ Ցավոք, ես հակառակն եմ տեսնում»,- ասաց Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի  գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:

«Կոմիտաս» միջազգային փառատոնն անց է կացվում ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։

Աննա Կարապետյան