«ԿՈՄԻՏԱ՜Ս, Ի՞ՆՉ ԵՂԱՎ»

vardapeti-lrutyuny
         - Ինչի՞ մասին էր լռում Կոմիտասը։
         - Չգիտեմ, դրա համար էլ գրում եմ։
  Գրող Էդգար Նովենցը Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի գլխավոր հերոսն է։ Ֆիլմի ողջ ընթացքում գրողն աշխատում է իր «Վարդապետի լռությունը» վեպի վրա՝ կարդալով բազմաթիվ գրքեր Կոմիտասի մասին, ուսումնասիրելով պատմական փաստերն ու արխիվաին փաստաթղթերը, այցելելով Վիլ-Ժուիֆի հոգեբուժարան, որտեղ շուրջ երկու տասնամյակ փակված է եղել մեծ կոմպոզիտորն ու երաժշտագետը։ Նովենցը փորձառություն է ձեռք բերում նաև երևանյան հոգեբուժարաններից մեկում՝ խնդրելով գլխավոր բժշկին ոչ մեկի չասել իր ով լինելը։ Մեկ շաբաթից ավելի մնում է այդտեղ, շփվում հոգեբուժարանում գտնվող այլ մարդկանց հետ, հատկապես զրո պապիկի։ Պապիկը սենյակներից մեկի բնակիչն է, ում անուն-ազգանունը ոչ ոքի հայտնի չէ։ Նրան զրո են անվանում, քանի որ որ սենյակում էլ լինի, դռան վերևում փորագրում է 0 թիվը։
    Ինչպես Կոմիտասն էր տարիներ շարունակ անհաղորդ, այնպես էլ զրո պապն է։ Նովենցը պապին Կոմիտասի երգերով ձայնագրիչ է տալիս, որ միշտ լսի։ Մի օր էլ, երբ հետ է վերցնում այն, տեսնում է, որ պապը սխալ կոճակ է սեղմել, ձանագրել ինքն իրեն։
   - Կոմիտա՜ս, Կոմիտա՜ս, ի՞նչ եղավ,- երկարատև լռությունից հետո պապը խոսում է՝ ընդհատելով կատարման բնականոն ընթացքը։
    Նովենցը զարմանում է։ Ձայնագրիչը ձեռքին փորձում է հասնել գլխավոր բժշկի սենյակ, չեն թողնում։ Բժիշկը գալիս է այն ժամանակ, երբ պապն արդեն երգում է, Կոմիտաս է երգում՝ «Մոկաց միրզա»։
    - Հազա՜ր ափսոս, Մոկաց միրզեն,- ավարտում է պապը։
  Ներկայացվում է նաև իրականությունը հոգեբուժարանի պատերից դուրս՝ Նովենցի գործավարուհին սպասում է նրան։ Արձակագիրը նրան է հանձնել տան բանալին, ասել, որ մնա այնտեղ, աշխատի մինչև ինքը մեկ շաբաթից գա։ Գրողը նրան Սոնա է անվանում, Սոնա յա՜ր, ինչպես Կոմիտասի երգերից մեկում։ Սոնան հղի է, չի ասում՝ ումից։
    - Ինձ ոչ մի տեղ չեն սպասում։ Ես անցյալ չունեմ,- կրկնում է Սոնան։
    Ժամանակ անց Նովենցը կիմանա, որ Սոնայի իրական անունը Նարինե է, ով սուրոգատ մայր է դարձել մի սիրիահայ ընտանիքի համար, ովքեր մահացել են ավտովթարից։
    Մեկ շաբաթն անցնում է, գրողը դեռ հոգեբուժարանում է։ Նրա վերադարձին են սպասում նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները։ Չնայած դասախոսին  ազատել են աշխատանքից ուսանողների ցույցերի կազմակերպման մեղադրանքով, բայց ուսանողները որոշել են չհանձնվել, նստացույց են անում։
   Զուգահեռ իրականության մեջ տեղի ունեցող դեպքերից Նովենցն անտեղյակ է։ Հոգեբուժարանի աշխատակիցներից մեկը վերցրել է նրա հեռախոսը։
  Ֆիլմի վերջում իրականությունները հատվում են։ Զրո պապի «Մոկաց միրզա» երգի հնչյունների ներքո Նովենցի Սոնա յարը ծննդաբերում է։
    «Վարդապետի լռությունը» ֆիլմի բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ (մասնակցությամբ Ռուբեն Հովսեփյանի) Վիգեն Չալդրանյանն ասում է՝ ֆիլմը պետք է ավարտվեր Էդգար Նովենցի վեպի շնորհանդեսով, բայց չցանկացան, որ happy end լինի։
    «Կոմիտասը լույս է, որին պետք է կարողանաս մոտենալ։ Յուրաքանչյուրս պետք է փնտրենք նրան մեր մեջ, կենդանացնենք մեր հոգիներում»,- նշում է ռեժիսորը։
   Գլխավոր հերոսներին մարմնավորում են դերասաններ Անի Ղազարյանն ու Վարդան Մկրտչյանը։
     «Միշտ երազել եմ հայկական ֆիլմում մտավորականի կերպար տեսնել։ Չէի մտածում, որ հենց ես կմարմնավորեմ»,- անկեղծանում է Վարդան Մկրտչյանը։
    Համազգային թատրոնի դերասանուհի Անի Ղազարյանի համար ֆիլմը մեկնարկային է․ «Ուրախ եմ, որ իմ մուտքը մեծ կինո եղավ հենց «Վարդապետի լռությունը» ֆիլմով»։
  «Վարդապետի լռությունը» խաղարկային լիամետրաժ ֆիլմը նվիրվում է Կոմիտաս վարդապետի հիշատակին։ Ֆիլմի ստեղծմանը աջակցել են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ։

Աննա Կարապետյան