Կմեկնարկի գորգարվեստի միջազգային գիտաժողով

asulis
    Նոյեմբերի 20-ին Երևանում կմեկնարկի «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողով: «Միջազգային գիտաժողովն ուղղված է հայկական գորգի հանրահռչակմանը, ինչը մտնում է ՀՀ կառավարության 2013-ի մշակութային ծրագրի մեջ»,- տեղեկացրեց Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը այսօր Ազգային պատկերասրահում կայացած ասուլիսի ժամանակ: Ասուլիսին ներկա էին նաև գիտաժողովի կազմկոմիտեի անդամներն ու արտերկրից ժամանած մասնագետները, որոնք գիտաժողովին ներկայանալու են զեկուցումով: «Մեզ համար սա կարևոր և վաղուց սպասված իրադարձություն է, որովհետև գորգը մեր ազգային պատմամշակութային ժառանգությունն է, որը, ցավոք, բավարար չափով ուսումնասիրված չէ»,- նշեց պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյանը: Վիեննայի համալսարանի դասախոս, մշակութաբան Արթուր Թելաֆյանը ասում է, որ իրենց խնդիրը պիտի լինի ժողովրդին մոտեցնել իր ինքնությանը, իսկ գորգը, ըստ նրա, մեր ինքնության կարևոր մասն է. «Գորգը միայն ապրանք չէ, հին գիտության նյութ է, որին մեր ազգը պիտի ծանոթանա»:
gorg    Գիտաժողովը կտևի երեք օր` նոյեմբերի 20-22-ը: Պլենար նիստը կմեկնարկի Ազգային պատկերասրահում, որից հետո Ազգային գրադարանում կընթանան աշխատանքային սեկցիաները: Գիտաժողովում կքննարկվեն հարցեր` կապված հայկական գորգի մշակույթի, գեղազարդման համակարգի, վերանորոգման և պահպանման հետ: Բացի ՀՀ և ԼՂՀ մասնագետներից` զեկուցումներով հանդես կգան նաև ոլորտի հեղինակավոր մասնագետներ, ովքեր Հայաստան են եկել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Լեհաստանից:
Աննա Կարապետյան