ԿԻՆՈՆ ԴԵՄ Է ԺԱՄԱՆԱԿԻՆ. ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ

peleshyan-girq
Կարելի է լսել պատկերը և տեսնել ձայնը։ Արտավազդ Փելեշյան
(«Կինոպոետը․Արտավազդ Փելեշյան» ֆիլմից)

Տասնամյակներ առաջ կինոռեժիսոր, սցենարիստ Արտավազդ Փելեշյանը տպագրեց իր հեղինակած երկու կինոհանրագիտարանները՝ «Տարածական մոնտաժ» (1974), «Իմ կինոն»  (1988) գրքերը։

Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ կինոռեժիսորի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը։ Գիրքն ամփոփում է Արտավազդ Փելեշյանի մասին աշխարհի տարբեր երկրներում, տարբեր լեզուներով հրապարակված լավագույն հոդվածները։ «Դրոշմման ժամանակը» լույս է տեսել ռուսերենով։ Գրքի պատրաստման աշխատանքներին Փելեշյաննանձամբ է մասնակցել՝ Մոսկվայից ժամանելով Երևան։ Կինոռեժիսորը ներկա էր նաև գրքի շնորհանդեսին։

«Կարծում եմ՝ կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, բայց տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո․ քարանձավային նկարների շարժումները նույնպես կինո են։ Կա տարածված տեսակետ, թե կինոն դրոշմված, գրանցված ժամանակն է։ Ես համարում եմ, որ ժամանակը չի դրոշմվում, չի գրանցվում․ կա ժամանակ, որում մենք գրանցում ենք ինչ-որ բան ժապավենի վրա։ Խոսքս այդ ժամանակի մասին է,-ասաց մաեստրոն և ավելացրեց,-ժամանակը երբեք չի գրանցվում ժապավենի վրա։ Կինոն հիշողություն է ժամանակի համար։ Լավ խոսք կա, ասում են՝ գնում եմ նկարահանման։ Նկարահանեցի, ինչը հանեցիր՝ նկարը, որտեղից՝ ժամանակի ձեռքից․ ուրիշ տարբերակ չկա»։

Փելեշյանի խոսքով՝ կինոյում, ժապավենի վրա ժամանակ գոյություն չունի․ «Կինոն դեմ է ժամանակին։ Կարևորը նկարահանման պահն է, ոչ թե ժամանակը, որ գրանցվել է այդ պահին։ Ժամանակը հզոր բան է, բայց կինոն էլ է իր հնարավորություններով հզոր։ Բոլորը վախենում են ժամանակից։ Հզոր ժամանակն իր հերթին վախենում  է հզոր կինոյից»։
Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվեց նաև կինոռեժիսորի ստեղծագործական ուղու մասին պատմող «Կինոպոետը․ Արտավազդ Փելեշյան» (2009թ․) ֆիլմը։ Կինոյի ալքիմիկոս, տեսաբան, գյուտարար․ այսպես են բնորոշում կինոռեժիսորին ժամանակակիցները։

«Փելեշյանը ֆիլմային պոեզիա է, նրա ֆիլմերը դիտելը՝ հոգևոր փորձություն»,- նշում է փորձառական վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն։
Ռեջիոյից բացի ֆիլմում ռեժիսորի մասին տպավորություններ են հայտնում գերմանացի, ռուս, հայ կինոգործիչներ, արվեստագետներ։

Ֆիլմն ավարտվում է կինոռեժիսորի համար երազանք դարձած և դեռևս չնկարահանված  Homo Sapiens լիամետրաժ ֆիլմի մասին խոսքերով։

«Դուք գիտեք, ձեզ համար եմ ասում։ Ես այդ ֆիլմը վաղուց տեսել եմ»,- ասում է Փելեշյանը։

 Կինոռեժիսորի խոսքով՝ Homo Sapiens-ը մարդու, նրա կյանքի, էության, առհասարակ մարդկության մասին է։ Ասում է՝ թանկարժեք ֆիլմ է, լինելու բան չէ:

Աննա Կարապետյան