Կիմ Կի Դուկ. Ես դպրոց չեմ հաճախել. այն, ինչ գիտեմ, սովորեցրել է կյանքը

duk
   «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուր, կորեացի հանրաճանաչ կինոռեժիսոր Կիմ Կի Դուկն այսօր հանդիպեց լրագրողներին: Անկանխատեսելի կորեացին շատ չխոսեց, բայց հասցրեց հուզել ներկաներին: Նա պատմեց, որ երբեք դպրոց չի հաճախել ու աշխատել է վաղ մանկությունից: Նա խոսեց նաև իր ֆիլմերի ձեռագրի, կյանքի ու մարդկանց  մասին:
 
   Մարդկանց ու իր մասին
 
   «Լինում են պահեր, երբ չեմ սիրում մարդ էակին: Կար ժամանակ, որ հավատում էի մարդկանց, հետո հավատս կորավ, հետո դարձյալ սկսեցի հավատալ: Հիմա հույսի շրջան է, հավատում ու հույսով եմ լցված մարդկանց հանդեպ: Ես առաջին անգամ ֆիլմ նայել եմ 32 տարեկանում: Հենց այդ ժամանակ հասկացա, որ ցանկացած մարդ կարող է ֆիլմ նկարահանել ու իր ֆիլմերում պատկերել այն, ինչ տեսնում է: Ես այն կորեացիների թվին եմ պատկանում, որ դպրոց չի հաճախել: Այդ տարիներին մարդկանց 50 տոկոսին էր նման բախտ վիճակվում, ես մնացած 50-ի մեջ էի: Այդքան տարի անց, սակայն, ես կարող եմ ասել, որ կարելի է և դպրոց չհաճախել, որովհետև կյանքը ինձ ավելին սովորեցրեց: Այն, ինչ գիտեմ, ինձ կյանքն է սովորեցրել:
 
   Իր ֆիլմերի մասին
 
   Ես իմ հանդիսատեսին փոխանցում եմ այն, ինչ զգում եմ: Իմ ֆիլմերում հերոսները քիչ են խոսում: Ես գիտեմ, որ մարդիկ կարող են սուտ խոսել, իսկ մարդու դեմքն արտահայտում է այն, ինչ նա զգում է իրականում: Իմ ֆիլմերում մարդն իր դեմքով արտահայտում է կյանքը: Այսինքն՝ մարդն առանց խոսքի կարող է ասել ավելին: Ես այս օրերին հանդիպեցի ուկրաինացի մի դերասանուհու, ով չի լսում և չի խոսում, այստեղ` Երևանում, նրան տեսնելով և նրա հետ զրուցելով՝ հասկացա, որ չեմ սխալվել:
 
   Այսօրվա կինոյի մասին
 
   Այսօրվա կինոարտադրությանը հետևում եմ և ուզում եմ մի բան ասել: Անպայման դիտեք  փոքր երկրների արտադրած ֆիլմերը, երկրներ, որոնք չունեն կինեմատոգրաֆիա. այդ ֆիլմերից շատ բան կսովորեք: Ես հիմա զուգահեռ մի քանի սցենարի վրա եմ աշխատում ու մտածեցի, որ եթե դրանցից մեկի հիման վրա ֆիլմ նկարահանվի, անպայման կներկայացնեմ այդ ֆիլմը Հայաստանում: Ուրախ եմ, որ հայերը հասցրել են դիտել ու սիրել իմ ֆիլմերը: Հանդիսատեսի զգացածը շատ կարևոր է: Դուք կարող եք տարբեր կերպ մեկնաբանել մի ֆիլմը ու բոլորդ ճիշտ կլինեք, ֆիլմը հենց այնպիսին է, ինչպիսին դուք եք զգում:
 
   Հայկական և կորեական միջավայրերի մասին
 
   Պետք է ասեմ, որ նախքան Երևան գալս Հայաստանի մասին ոչինչ չգիտեի. գալուց առաջ գտա ինտերնետում, կարդացի, բայց այսօր մտածում եմ, որ հետագայում միշտ կկարդամ Հայաստանի մասին: Հայաստանյան միջավայրը շատ նման է կորեականին: Ես դրանում համոզվեցի 2 օր մոտ 3 ժամ Երևանի փողոցներում քայլելով. մեր երկրները միջավայրի առումով շատ ընդհանրություններ ունեն»:
 
   Նշենք, որ «Ոսկե ծիրանն» այս տարի ներկայացնում է հանրաճանաչ կորեացու հետահայաց ցուցադրությունը, որտեղ ընդգրկված են Կիմ ԿԻ Դուկի 20 ֆիլմերից  6-ը: