ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԸ՝ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ

Aram-Khachatryan-dzaynaskavarak
    Հունիսի 5-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները» ձայնասկավառակների շնորհանդեսը: Անվանի կոմպոզիտորի կամերային գործերը առաջին անգամ են ձայնասկավառակի տեսքով դրվում ունկնդրի սեղանին: Մինչ այս դրանք հաճախ հնչել են «Խաչատրյան տրիոյի» համերգների ժամանակ: Տրիոյի դաշնակահարուհի, Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ձայնասկավառակում ընդգրկված են կոմպոզիտորի ինչպես վաղ շրջանի, այնպես էլ կյանքի վերջին օրերին գրված ստեղծագործությունները:
dzaynaskavaraki shnorhandes    «Սա Խաչատրյանի ժառանգության այն մասն է, որ այնքան էլ հայտնի և ուսումնասիրված չէ, հաճախ չի կատարվում, քանի որ Խաչատրյանն ավելի հայտնի է իր գլուխգործոցներով՝ մեծակտավ ստեղծագործություններով: Փորձեցինք այս բացթողումը լրացնել՝ ձայնագրելով և ներկայացնելով այն ստեղծագործությունները, որոնք այդքան հաճախ չեն հնչում»,- ասաց Ա. Գրիգորյանը:
    «Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները» փաթեթում ներկայացված են կոմպոզիտորի ստեղծագործությունների երկու ձայնասկավառակ, ինչպես նաև բուկլետ, որտեղ տեղ են գտել տուն-թանգարանի կողմից տրամադրված որոշ լուսանկարներ:
Aram Khachatryani tornuhi    Ձայնասկավառակների շնորհանդեսի ժամանակ տրիոն հնչեցրեց կոմպոզիտորի գործերից մի քանիսը: Շնորհանդես-համերգին ներկա էր նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ Օլգա Պավլովնան: Պավլովնան ծնվել և ապրում է Մոսկվայում: Մեզ հետ ռուսերենով խոսեց; Ափսոսում է, որ ժամանակին հայերեն չի սովորել, հիմա էլ մայրենի լեզվին չի տիրապետում, միայն մի քանի բառ գիտի: Հայրենիքում Պավլովնան հաճախ չի լինում:
    «Թանգարանում շատ վաղուց եմ եղել՝ 80-ականներին, երբ եկել էի Հայաստան: Այդ ժամանակ այստեղ դեռ թանգարան չէր, այլ ուղղակի տուն, որտեղ ապրում էին հարազատներս: Հիմա այն դարձել է երաժշտության ամրոց, որն ունի հրաշալի համերգային դահլիճ: Այն ցուցանմուշները, որ ցուցադրված են, եղածի փոքր մասն են միայն, բայց դրանք էլ բավական են Խաչատրյանի ստեղծագործական կյանքի մասին պատկերացում կազմելու համար»,- նշում է կոմպոզիտորի թոռնուհին:
aram khachatryan tun tangaran    Պավլովնան պապի գործունեության շարունակողներից է: Երաժշտագետ է, ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: Այժմ աշխատում է Մ. Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորումում: Տրիոյի հետ ծանոթությունը երաժշտագետը ժպիտով է հիշում. «Սիրահարվեցի նրանց, երբ առաջին անգամ լսեցի: Հիանալի երաժիշտներ են: Մոսկվայում տեղի ունեցած մի համերգից հետո ծանոթացանք և ընկերացանք»:
aram khachatryan dzaynaskavaraki shnorhandes    «Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները» ձայնասկավառակները պատրաստվել են «Խաչատրյան տրիոյի» նախաձեռնությամբ «Յուքոմ» ընկերության «Ճանաչիր 1915» նախագծի շրջանակներում: Բացի տրիոյի երաժիշտներից ձայնասկավառակում հանդես են եկել նաև ալտահար Մաքսիմ Նովիկովը, ով նաև ձայնասկավառակների հնչյունային ռեժիսորն է, և դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը:
Աննա Կարապետյան