ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԴԻՐԻԺՈՐՆԵՐԸ

aram-kh-conkurs-b
Ձևավորված ավանդույթի համաձայն, հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, դիրիրժոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ և «Դիմակահանդես» ստեղծագործությամբ մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը:

11 երկրից ընտրված 12 դիրիժորները, որոնք պայքարելու են 1-ին մրցանակի համար Արամ Խաչատրյան համերգասրահում հետևում էին մեծանուն երաժշտի անվան մրցույթի մեկնարկային համերգին: Այս տարի առաջին անգամ մրցույթն անցկացվում է «Դիրիժորություն» անվանակարգում։

Ժյուրիի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը (Հայաստան), Սան Պաուլոյի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Թոմաս Յակսիկը (Բրազիլիա/Չիլի), արվեստի կառավարում իրականացնող «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), Ֆիլհարմոնիա նվագախմբի գործադիր տնօրեն Դեյվիդ Ուելտոնը (Մեծ Բրիտանիա), կոմպոզիտոր, դիրիժոր Միխալիս Իկոնոմուն (Հունաստան), դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը (Իսրայել/Հայաստան), դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ)։

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: 1-ին մրցանակի համար սահմանված է 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև և 2 համերգ՝ Հայաստանում 2016-2017 և 2017-2018 թվականների համերգաշրջանների ընթացքում` մրցույթի կազմկոմիտեի առաջարկած նվագախմբ(երի)ի հետ։

Արամ Խաչատրյանի անվան մրցույթից անմիջապես հետո Երևանում բացվելու է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժաղովը, որին ներկա են լինելու երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր ներկայացուցիչները։

Ալինա Նահապետյան