Կայացավ Վ. Սպիվակովի երևանյան համերգը

Vladimir-Spivakov
    Նոյեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում տեղի ունեցավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ։ Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան այլ հյուրեր։
    Համերգը նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին։ Ինքը՝ Վլադիմիր Սպիվակովը, իր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն մարդկանց, ում շնորհիվ կայացավ Զարեհ Սահակյանցի հոբելյանին նվիրված երեկոն։ Լրագրողների հետ զրույցում մաեստրոն նշեց. «Այսօրվա համերգը նվիրված է ինձ շատ հարազատ մարդու՝ կնոջս հայրիկին, երեխաներիս պապիկին։ Ես նրան շատ լավ եմ ճանաչել։ Նա հրաշալի երաժիշտ էր, Հայաստանի իսկական նվիրյալ։ Նա շատ սիրում էր իր հայրենիքը, իր ծննդավայրը։ Նա սիրում էր արվեստը՝ գեղանկարչություն, գրականություն, հայկական պոեզիա։ Նա շատ լավ տիրապետում էր հայերենին։ Գիտեք, որ լեզուն նույնպես կյանքի որոշակի արտացոլումն է։ Այնպես որ՝ ես շատ ուրախ եմ, որ այս համերգը կազմակերպվեց հենց այս օրերին, երբ պետք է լրանար Զարեհ Սահակյանցի 80-ամյակը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իմ ընկերներից մեկը՝ Էրմիտաժի տնօրեն Բ. Պիոտրովսկին, ում կինը նույնպես հայուհի էր, անունը՝ Հռիփսիմե, ամեն անգամ հանդիպելիս կատակում էր՝ դե, հայերի փեսաները հավաքվեցին»։
    Երևանյան համերգի ընթացքում հնչեցին Սերգեյ Ռախմանինովի, Ժորժ Բիզեի, Վինչենցո Բելլինիի, Կամիլ Սեն-Սանսի, Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինի և այլ հեղինակների ստեղծագործություններ։ Հայ հանդիսատեսն առանձնակի ջերմությամբ էր ընդունում և՜ Վ. Սպիվակովին, և՜ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, և՜ մենակատարներին՝ Ալեքսանդր Ռոմանովսկի (դաշնամուր, Իտալիա), Վասիլի Լադյուկ (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետ Գալստյան (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Հասմիկ Պապյան (սոպրանո, Հայաստան)։
    Համերգի ավարտի մաեստրո Սպիվակովը ՀՀ մշակույթի նախարարին փոխանցեց 1975թ. Արամ Խաչատրյանի նամակի բնագիրը՝ ուղղված հայտնի մի նեյրոֆիզիոլոգի։ Նամակում Խաչատրյանը նկարագրում է, թե ինչպես է ինքը ստեղծագործում։ ՙՊետք է հոգ տանել ունկնդրի համար և սեփական երաժշտությունը լսել ունկնդրի ականջներով։ …Պետք է սիրել թեման, հերոսներին, պետք է նրանց հետ վերապրել իրադարձությունները։ Ընդհանրապես պատմել արվեստի մասին անհնար է։ Կարող եմ ասել, որ ստեղծագործելիս ես գտնվում եմ էքստազի մեջ։ Ես երջանիկ եմ, միաժամանակ նաև՝ չար, չար՝ կենտրոնացվածության և լարվածության առումով՚,- իր ստեղծագործական պահերն այսպես է բնութագրել Արամ Խաչատրյանը։
    Նշենք, որ Վ. Սպիվակովի գլխավորած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանում է «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում։ Նոյեմբերի 11-ին նվագախումբը հանդես կգա Գյումրիում։
    Վ. Սպիվակովի հայաստանյան համերգները տեղի են ունենում ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ Համերգների կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։