Կայացավ «Նարեկացի» արվեստների փառատոնի հերթական` 5-րդ համերգը

artur avanesov
    Հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Նարեկացի» արվեստների փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ հերթական`5-րդ համերգը: Ծրագրում ընդգրկված էին ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սերնդի կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններ: Համերգի առաջին բաժնում հնչեց երիտասարդ կոմպոզիտոր` Դավիթ Բալասանյանի «Արաբեսկ»-ը դաշնամուրի համար (2012): Ստեղծագործությունը Արթուր Ավանեսովի յուրովի կատարմամբ աչքի ընկավ շարժման ճկունությամբ և որոնողական բնույթով: Հնչեց նաև Արամ Խաչատրյանի «Սոնատ-ֆանտազիա»-ն թավջութակի համար (1974), որի հուզականությունն առավել ընդգծվեց Լևոն Առաքելյանի կատարմամբ: Հաջորդ ստեղծագործությունը` ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող (պրոֆ. Աշոտ Զոհրաբյանի դասարան) Հովիկ Սարդարյանի «Fuming Flames»-ը («Ծխացող կրակներ») ալտի և դաշնամուրի համար, կատարվեց Մերի Դոլմազյանի (ալտ) և Արթուր Ավանեսովի (դաշնամուր) կողմից և levon araqelyanառանձնացավ գործիքների ոչ ավանդական մեկնաբանմամբ, որի միջոցով կոմպոզիտորը փորձել էր վերարտադրել հայ ժողովրդական գործիքների հնչողությունը: Համերգի առաջին բաժնի վերջում ներկաները ունկնդրեցին Արթուր Ավանեսովի «Feux follets» («Դեգերող կրակներ») դաշնամուրային շարքից երեք պիես: Նույն շարքից չորս պիես հնչեց նաև համերգի երկրորդ բաժնի սկզբում: Այս պիեսները, որոնք գրվել են 2008-2012թթ., կարելի է համարել որպես կոմպոզիտորի «անհատական», «անձնական» «երաժշտական ոլորտ, դաշտ», որտեղ նա, օգտագործելով ոճական տարբեր առանձնահատկություններ, ժողովրդականից մինչև եվրոպական ժամանակակից, թվում է թե փորձում է բավարարել իր ներքին երաժշտական պահանջմունքները: Պիեսները, որոնք հրաշալի կատարվեցին իր իսկ հեղինակի կողմից, առանձնացան մեղմ, թափանցիկ և մտածկոտ բնույթով: Հաջորդիվ հնչեց Ղազարոս Սարյանի լուսավոր, նրբագեղ և փոքր-ինչ անհանգիստ «Արիա և Տոկատ»- ը ջութակի և դաշնամուրի համար (1966) Աստղիկ Վարդանյանի (ջութակ) և Արթուր Ավանեսովի (դաշնամուր) հիանալի կատարմամբ: Համերգը եզրափակվեց Տիգրան Մանսուրյանի թափանցիկ, ջերմությամբ և ներքին զսպվածությամբ լի «Հինգ բագատելներ» ստեղծագործությամբ, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար (կատ.` Աստղիկ Վարդանյան (ջութակ), Լևոն Առաքելյան (թավջութակ), Արթուր Ավանեսով (դաշնամուր)):
mary dolmazyan    Երեկոյի ավարտին «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանը շնորհակալական խոսք հղեց մասնակիցներին` նրանց նվիրելով փայտյա նախշազարդերով սիմվոլիկ հուշանվերներ: Համերգային ծրագրից բացի դահլիճի ճեմասրահում նաև ցուցադրվեց հայ մի շարք նկարիչների կտավներ և «ֆոտոաուրա» ոճի լուսանկարներ: Ի դեպ, վերջիններս առաջին անգամ են ցուցադրվում փառատոնի շրջանակներում և առհասարակ աշխարհում:
    Նշենք, որ «Նարեկացի» արվեստների փառատոնի նպատակն է ներկայացնել հայկական բարձրակարգ մշակույթը, նպաստել դրա զարգացմանը համագործակցելով հատկապես Հայաստանում ապրող և ստեղծագործող լավագույն արվեստագետների հետ: Փառատոնն ընդգրկում է հայ աշուղական, ժողովրդական, ազգային ավանդական երգն ու պարը, հոգևոր, դասական, ժամանակակից հեղինակային և ջազային երաժշտությունը, ինչպես նաև ցուցադրվում են հայ կերպարվեստի տաղանդավոր ներկայացուցիչների աշխատանքները:
    ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հայցորդ, երաժշտագետ, կոմպոզիտոր
Արմինե Աթոյան

  Լուսանկարները՝ Սոնա Անդրեասյանի