ԿԱՅԱՑԱՎ ԺԻԼԲԵՐ ՍԻՆՈՒԷԻ «ԵՐԵՎԱՆ» ՎԵՊԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Jilber-Sinue
   Մայիսի 20-ին ԳԱԱ գրականության ինստիտուտի դահլիճում կայացավ ֆրանսիացի հանրահայտ գրող Ժիլբեր Սինուէի «Երևան» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը:
    Իր գրքի հայ ընթերցողին ուղղված հատուկ նախաբանում Ժիլբեր Սինուէն գրում է. «Երևանի» հայերեն թարգմանությամբ ես հանկարծ ինձ զգացի հայ ընտանիքի «իրավասու» անդամ: Եվ չեմ թաքցնում՝ դա ինձ համար մեծ պատիվ է»:
     «Հայ և ֆրանսիացի ժողովուրդների փոխադարձ հարգանքի ու սիրո ևս մեկ հուշարձան ավելացավ այսօր մեր գրական անդաստանում, մի գողտրիկ հուշարձան. դա Ժիլբեր Սինուէի «Երևան» վեպի հայերեն թարգմանությունն է,- բացելով շնորհանդեսի արարողությունը՝ ասաց «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը: Նա հակիրճ վերլուծությամբ ներկայացրեց Հայոց ցեղասպանության իրական պատկերը գեղարվեստի լեզվով, բայց միաժամանակ «անզարդ խոսքերով» և դրանով իսկ կրկնակի անմոռաց ու տպավորիչ ներկայացրեց թե՛ հեղինակի և թե՛ թարգմանչի հիրավի արժեքավոր աշխատանքը»:
      Վեպի թարգմանիչ, ԽՍՀՄ և ՀՀ Ժուռնալիստների միությունների անդամ Զարմիկ Սարգսյանը հակիրճ ներկայացրեց թարգմանության նախապատմությունը: 
      «Ֆրանսիացի հեղինակի «Երևանը» լրացրեց Մեծ եղեռնի մասին օտարազգի գրողների անկեղծ ու սրտաբուխ գրքերի շարքը, որը սկսել էին Ֆրանց Վերֆելը և Էդգար Հիլզենրաթը: Եվ հուսանք, որ Ժիլբեր Սինուէն այդ շարքում վերջինը չի լինի, մանավանդ հիմա, երբ աշխարհի աչքն օր օրի ավելի է բացվում, աշխարհն ավելի պատրաստ է տեսնելու և իմանալու ճշմարտությունը»,- իր խոսքում նշեց «Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» մենագրության հեղինակ,  գրող, մշակութաբան Ասատուր Փաշայանը:
    Անդրադառնալով մշակութային մակարդակում ձեռք բերվող նվաճումներին և հայ-ֆրանսիական անկեղծ բարեկամությանը՝ Ջոտտոյի թանգարանի տնօրեն, արվեստաբան Մարտին Միքայելյանը նկատեց, որ Ֆրանսիայի և նրա ժողովրդի հանդեպ մեր սերն ու երախտագիտությունը սկսվում է դեռևս հայ դատի պաշտպաններ Ժան Ժորեսի և Անատոլ Ֆրանսի ժամանակներից:
    ՀՀ Աժ պատգամավոր, բանաստեղծ Տաճատ Վարդապետյանը, արժևորելով կատարված աշխատանքը, նշեց, որ այս վեպի շնորհիվ մեր ֆրանսիացի բարեկամների թվին ավելացավ ևս մեկը՝ ճանաչված գրող Ժիլբեր Սինուէն, իսկ նրա շնորհիվ՝ նաև նրա բազմահազար ընթերցողները:
   «Չափազանց տպավորված եմ Հայաստանում ֆրանսիացի հեղինակի և նրա ստեղծագործության այսպիսի գեղեցիկ ներկայացմամբ,-ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և հաղորդակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանը,- և ուրախությամբ կարող եմ ասել, որ   բնագիրը կարդացած լինելով՝ ես նույնպիսի հաճույք ստացա վեպը հայերենով ընթերցելուց»:
   
   
  Ժիլբեր Սինուէ
    Ճանաչված  գրող և սցենարիստ Ժիլբեր Սինուէի ստեղծագործություններն արժանացել են  Ֆրանսիայի  գրական բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում Գրան պրիի: Պատմական անցյալի փայլուն իմացության, հարուստ ու հյութեղ լեզվի, լարված ու գրավիչ պատումի շնորհիվ Սինուէի պատմավեպերից շատերը դարձել են բեսթսելլերներ:  Նրա ստեղծագործությունների վերնագրերն արդեն իսկ ձգում են ընթերցողին՝  «Ավիցեննա կամ Սպահանի ճանապարհը», «Եգիպտուհին», «Նեղոսի դուստրը», «Վերջին փարավոնը», «Որդուս՝ երրորդ հազարամյակի շեմին», «Դեսպանի կինը», «Աստծո լռությունը», «Էհնաթոն աստված անիծյալ»    «Խաչյալ թագուհին», «Լամպով տիկինը»,  «Ես՝ Հիսուսս» և այլն:
        
«Երևան»
● «Երևան» վեպում մի ընտանիքի ճակատագրի և վավերագրական  հղումների հենքի վրա ներկայացված է էրզրումահայության տեղահանության և սպանդի  պատմությունը:
● Վեպի առաջաբանը գրել է Շառ Ազնավուրը:
●«Երևան» վեպը բնագրից հայերեն է թարգմանել ԽՍՀՄ և ՀՀ ժուռնալիստների միությունների անդամ Զարմիկ Սարգսյանը, լույս է ընծայել «ՄՀՄ գրատուն» հրատարակչությունը, շապիկը՝ Անուշ Ստեփանյանի: 
● Գիրքն ունի խորհրդանշական էջանշան: Այն պատրաստված է վերամշակված թղթով, որի մշակման ժամանակ օգտագործվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բերված ծաղիկների թերթիկներ:
         
   
                       «Երևան». Ժիլբեր Սինուէն սպասում է թուրքերի պատասխանին
                                                   Անթեղված հիշողություններ
      Ես ծնվել եմ Եգիպտոսում, մեծացել հայկական մտերմիկ միջավայրում՝ շարունակ լսելով իմ հայ խաղընկերների ծնողների անվերջանալի պատմությունները սպանդի, փախուստի և տեղահանությունների մասին: Ես այն ժամանակ 13-14 տարեկան էի: Անցան տարիներ, և ես դադարեցի մտածել այդ ամենի մասին: 40 տարեկանում սկսեցի գրել: Եվ հանկարծ զգացի, որ այն պատանեկան հիշողությունները ես պահել եմ իմ մեջ: Այդուհանդերձ, ես մտածում էի, որ ազգությամբ հայ չլինելով՝ չեմ կարող գրել այդ ամենի մասին:
    Սակայն պատահեց անկարելին. հաստատվեց եվրաընտանիքին Թուրքիայի անդամակցության թեկնածությունը, ընդ որում Եվրամիությունը չառաջադրեց զղջման կամ ապաշխարանքի  ոչ մի նախապայման, ճիշտ այնպես, ինչպես վարվեց Գերմանիայի  հետ Հոլոքոստի  հարցում: Եվ ես գրեցի «Երևան» վեպը, որպեսզի խոսեմ հայ ժողովրդի սպանդի մասին: Գրքի առաջաբանը գրելու իմ առաջարկին անմիջապես արձագանքեց Շառլ Ազնավուրը, թեև ես հայ չէի:
      Մի քանի տարի անց մեկ այլ գրքի հրատարակության առիթով ես հանդիպման էի հրավիրված Աբու Դաբիի գրասրահներից մեկը: Երեկոյան ժամը 23-ին ինքնաթիռի մոտ ինձ դիմավորեց Ֆրանսիայի հյուպատոսը, որը եկել էր օդանավակայան հատուկ խնդրանքով: Պարզվում է, որ Թուրքիայի հյուպատոսը բողոքագիր էր ներկայացրել մշակույթի նախարարին, և այժմ ինձ խնդրում էին չներկայանալ այդ հանդիպմանը՝ պատճառաբանելով, որ ես վիրավորանք եմ հասցրել Թուրքիային և ստաբանել:  Հյուպատոսն ինձնից խոսք վերցրեց, որ գրքի սրահում կայանալիք հանդիպման ընթացքում չեմ խոսի հայերի ցեղասպանության մասին, և ես իրոք պահեցի իմ խոսքը: Միայն թե հաջորդ օրը հրավիրված էի արդեն ֆրանսիական լիցեյ, որտեղ առաջին հարցը, որ ուղղեցին ինձ, հետևյալն էր. «Ինչպե՞ս եղավ, որ Դուք, ազգությամբ հայ չլինելով, գիրք գրեցիք հայերի ցեղասպանության մասին»: Ես ստիպված էի պատասխանել. «Ես մտադիր չեմ խոսել ո՛չ Թուրքիայի իշխանությունների կողմից ոչնչացված մեկուկես միլիոն հայերի, առավել ևս ո՛չ էլ Թուրքիայի ներկայիս ողբերգական ժխտողականության մասին»: Հասկանալի է՝ թուրք երևելիներին դա չէր կարող դուր գալ: Եվ ես նրանց դիմեցի այսպես. «Դուք ասում եք, որ այն ամենը, ինչ ես գրել եմ, սուտ է: Այդ դեպքում մատնացո՛ւյց արեք ինձ այն, ինչ սխալ է իմ վեպում, և ես պատրաստ եմ նորից գրել այն՝  ուղղելով սխալներս»:
Մինչև հիմա ես սպասում եմ իմ առաջարկի պատասխանին:
                                     
                                                       Ժիլբեր Սինուէ, Nouvelles d’Arménie, Ֆրանսիա